Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։
Այս տարվա TRF-ի առանցքում «Երկարաժամկետ արժեք ստեղծող ուղղություններ» (Destinations Built to Last) գաղափարն էր։ Ֆորումի շուրջ 250 մասնակիցներ՝ ոլորտի առաջնորդներ և մասնագետներ, քննարկեցին, թե ինչպես կարող են քաղաքներն ու զբոսաշրջային ուղղությունները զարգանալ՝ երկարաժամկետ արժեք ստեղծելով բնակիչների, բիզնեսի և տնտեսության համար։
Հոկտեմբերի 10-ին՝ Մոնթե Մելքոնյան վարժարանում անցկացված հիմնական միջոցառման ընթացքում, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան հանդես եկավ գլխավոր ելույթով։
«Երկարաժամկետ արժեք ունեցող ուղղություններ ստեղծելու համար միայն ներդրումներն ու ենթակառուցվածքները բավարար չեն․ անհրաժեշտ են միասնական տեսլական, ամուր գործընկերություններ և պատասխանատու առաջնորդություն։ TRF 2026-ը հնարավորություն է միավորելու այն մարդկանց, ովքեր ձևավորում են զբոսաշրջության և հյուրընկալության ապագան, փոխանակելու փորձն ու տեսակետները և քննարկելու, թե ինչպես կարող են ուղղությունները զարգանալ՝ պահպանելով իրենց ինքնությունը և միաժամանակ ստեղծելով երկարաժամկետ արժեք համայնքների համար»,- նշեց Կատերինա Դանեկինան։
Ազատ տնտեսական գոտիները՝ տարածաշրջանային զարգացման գործիք
Ֆորումի քննարկումներից մեկը նվիրված էր ազատ տնտեսական գոտիների հնարավորություններին, դրանց ստեղծման համար անհրաժեշտ պայմաններին և տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում ունեցած դերին։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Green Rock Management Group-ի ռազմավարական զարգացման խորհրդական Վազգեն Գևորկյանը և Myler Mountain Resort-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը։ Քննարկումը վարում էր Myler Free Economic Zone-ի տնօրեն Վահագն Լալայանը։
Վազգեն Գևորկյանի մասնակցությունը կարևոր էր Դիլիջանի զարգացման երկարաժամկետ տեսլականի տեսանկյունից։ Նրա դիտարկումները հնարավորություն տվեցին ազատ տնտեսական գոտիների թեման դիտարկել ներդրումային միջավայրի, պետական և մասնավոր հատվածների համագործակցության և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման ավելի լայն համատեքստում։ Այս քննարկումը կապում էր ազատ տնտեսական գոտիների զարգացման հեռանկարները տարածաշրջանի տնտեսական ներուժի և երկարաժամկետ զարգացման հետ։
Մշակույթը՝ քաղաքի ինքնության և միջազգային ճանաչելիության մաս
TRF 2026-ի օրակարգում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց մշակույթը և դրա դերը քաղաքների զարգացման գործում։ Քննարկմանը մասնակցեցին Մալթայի ARC Research & Consultancy ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Դավինիա Գալեան, Նիսի քաղաքապետարանի և մետրոպոլիտեն խորհրդի անդամ Մարի-Օտոմն Պեյրենեն, ինչպես նաև գերմանացի ջութակահար, Festival Ibiza Conciertos-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լինուս Ռոթը։
Քննարկման ընթացքում մշակույթը դիտարկվեց ոչ միայն որպես զբոսաշրջային առաջարկի մաս, այլև որպես քաղաքի ինքնության, զարգացման և միջազգային ճանաչելիության կարևոր բաղադրիչ։
Այս մոտեցումը համահունչ է նաև Դիլիջանի զարգացման ներկայիս գործընթացներին։ Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի տարածքում նախատեսվող Music Hall-ը նպատակ ունի դառնալ քաղաքի մշակութային կյանքի կարևոր հարթակ՝ հնարավորություն ստեղծելով հյուրընկալելու միջազգային երաժշտական և մշակութային միջոցառումներ։ Այն կարող է նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը և Դիլիջանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Երկարակեցությունն ու բարեկեցությունը՝ զբոսաշրջության նոր ուղղություն
Ֆորումի առանցքային թեմաներից էր երկարակեցությունն ու բարեկեցությունը՝ որպես զբոսաշրջության և հյուրընկալության զարգացման նոր ուղղություն։ «Երկարակեցությունը՝ որպես զբոսաշրջային ուղղության հնարավորություն» թեմայով զրույցի ընթացքում Կատերինա Դանեկինան և St. Moritz Longevity Forum-ի հիմնադիր Քրիստինա Միշելը քննարկեցին, թե ինչպես են առողջության, բարեկեցության և երկարակեցության շուրջ ձևավորվող նոր հետաքրքրությունները փոխում ճամփորդության մասին պատկերացումները և նոր հնարավորություններ ստեղծում զբոսաշրջային ուղղությունների համար։
Համագործակցության հուշագրերի ստորագրում
TRF 2026-ի շրջանակում համագործակցության Green Rock Management Group-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց Orion Worldwide Innovations-ի, Belgian Armenian Chamber of Commerce-ի և Armenian British Business Chamber-ի հետ։
Հուշագրերը հիմք են ստեղծում միջազգային համագործակցության ընդլայնման և նոր գործընկերային կապերի զարգացման համար։
Ռետո Մատիսի այցը Apicius Armenia
Ֆորումի հաջորդող օրը գաստրոնոմիայի փորձագետ, խոհարարական խորհրդատու և St. Moritz Gourmet Festival-ի համահիմնադիր Ռետո Մատիսն այցելեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոց և ուսանողների համար անցկացրեց վարպետության դաս։ Այցը ուսանողներին հնարավորություն տվեց անմիջականորեն շփվելու միջազգային փորձագետի հետ և ծանոթանալու գաստրոնոմիայի ու հյուրընկալության ոլորտի միջազգային փորձին։
Green Rock-ի համալիրի դերը Դիլիջանի զարգացման գործում
Դիլիջանի զարգացման համատեքստում կարևոր դեր ունի Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրը, որը միավորում է Hyatt Regency Dilijan-ը, PPLS Rooms Co-living-ը, Villa3 Community Hub-ը, Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը, ապագա Art Park-ը և Music Hall-ը։ Նախագծերը ձևավորում են փոխլրացնող միջավայր՝ նոր հնարավորություններ ստեղծելով հյուրերի, բնակիչների, ստեղծարար համայնքի և բիզնեսի համար։
TRF 2026-ը մեկ հարթակում համախմբեց զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի մասնագետներին՝ քննարկելու, թե ինչպես կարող են քաղաքները պահպանել իրենց ինքնությունը, զարգացնել տեղական տնտեսությունը և ստեղծել երկարաժամկետ արժեք։ Ֆորումը Դիլիջանը ներկայացրեց որպես միջազգային մասնագիտական երկխոսության և համագործակցության հարթակ՝ միավորելով տնտեսական զարգացման, մշակույթի, բարեկեցության և հյուրընկալության կրթության թեմաները։
*գովազդ


