Երևանում տրանսպորտի վճարումների վերահսկումը խստացվել է. վալիդացիաները աճել են մինչև 30%

Նախորդ շաբաթվա միջինացված տվյալներով Երևանում տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակը ավելացել է 15-ից մինչև իսկ 30%։

Նախորդ շաբաթ ես խոսեցի այն մասին, որ մեր հանրային տրանսպորտում վճարումների հետ կապված ակնհայտորեն խնդրի արձանագրումը անելով, մենք ունենք նոր մեխանիզմների կարիք և ուզում եմ մի քանի կարևոր տվյալ հնչեցնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նախորդ շաբաթվա միջինացված տվյալներով Երևանում տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակը ավելացել է 15-ից մինչև իսկ 30% տարբեր օրերին՝ համեմատած դրա նախորդ շաբաթվա օրերի հետ։

Սա նշանակում է, որ որքան էլ որ դժվարին է այն գործընթացը, որով որ մենք անցնում ենք, դա կարևոր է և անհրաժեշտ։ Ուզում եմ առաջին հերթին իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածության նկատմամբ։ Վարորդների աշխատանքային պարտավորությունն է նաև հետևել, որպեսզի վալիդացիան իրականացվի, որպեսզի կատարվի համապատասխան վճարումը։ Որքան էլ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք մնում են հիմնականում անվրդով։ Ես ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, իրենց առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով նաև այս կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար»,–ասաց նա։

Ավինյանը հիշեցրեց մի քանի միջադեպերի մասին. «Մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ է եղել, որը վերածվել է կռվի և հարձակում է եղել վարորդի վրա։ Ես գիտեմ, որ երեք անձինք ձերբակալվել են և չորրորդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Իրականում որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ դա միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ, դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, այս ամբողջ համակարգի նկատմամբ, և ուզում եմ բոլորը իմանան, առաջին հերթին մեր վարորդները, մենք նրանց հետ ենք և նրանց կողքին կանգնած ենք։ Չվճարող մարդը աչքերը կախ ամոթից գետինը մտնելու փոխարեն հլը մի հատ էլ ելույթներ է ունենում, մի հատ էլ հորթուբորդ է գալիս, հլը մի հատ էլ ագրեսիվ է։ Եվ մենք ենք մեղավոր, մենք բոլորս, բոլոր պարտաճանաչ քաղաքացիները, որովհետեև այն մարդկանց, որոնք որ չեն վճարում, այդ մարդկանց մենք բոլորս որպես բեռ միասին մեր վզին տանում ենք։

Չվճարողներն ասում են՝ տեղ չկա ավտոբուսում։ Շաբաթական մի 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, ինչը նշանակում է, որ շաբաթական երկու նոր ավտոբուս կարող էինք առնել այդ չվճարողների հաշվին։ Աայսինքն իրենք բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնել։ Չնայած որ մենք ամեն տարի էլ գնել ենք, այս տարի էլ ենք գնելու ու ավելացնելու ենք ու որակը բարելավենք»։

Քաղաքապետը կոչ արեց քաղաքացիներին աջակցել վարորդներին, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին, անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում։

«Մենք վստահորեն չպետք է հանդուրժենք, որ չվճարող անպատասխանատու քաղաքացին, հլը մի հատ էլ  հորթուբորթ գա ու խոսի իր իրավունքներից։ Ի՞նչ իրավունք ունի մարդը, ով պարզ, պրիմիտիվ չի վճարում, հլը մի հատ էլ ինքը իրեն հերոսացնում է այդ գործընթացում։ Այս երևույթը պիտի լինի պախարակելի, ամոթալի»,–ասաց նա։