ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ քննադատելով Դաշնային պահուստային համակարգի (Ֆեդ) նախագահ Ջեյ Փաուելի գործունեությունը և նշելով, որ չի բացառում նրա դեմ դատական հայցի ներկայացումը։
Թրամփի հայտարարությունը վերաբերում է հատկապես Ֆեդի շենքի վերանորոգման ծրագրին, որի արժեքը, նախագահի թիմի գնահատմամբ, հասել է մոտ 4 միլիարդ դոլարի։ Նախագահը այդ ծախսերը կապել է «անկարող կառավարման» հետ։
Միաժամանակ Թրամփը կրկնել է իր դժգոհությունը Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքային քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը կարող էին ավելի բարձր լինել, եթե Ֆեդը ավելի վաղ և վճռական քայլեր ձեռնարկեր տոկոսադրույքների հարցում։
Ֆինանսական շուկաներում նախագահի հայտարարությունները դիտարկվում են որպես կենտրոնական բանկի գործունեության և անկախության նկատմամբ ճնշման հերթական դրսևորում։ Տոկոսադրույքների քաղաքականությունը շարունակում է մնալ ԱՄՆ տնտեսական օրակարգի առանցքային թեմաներից մեկը՝ ազդելով ինչպես ֆինանսական շուկաների, այնպես էլ ներդրումային միջավայրի վրա։

