Պարտադիր զինվորական ծառայությունից կարող են ազատվել այն քաղաքացիները, որոնք ավարտել են Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված համալսարանները և ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն Հայաստանում՝ կառավարության կողմից սահմանված ոլորտներում։
Այս դրույթը ներառված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում, որը հունվարի 14-ին քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Օրինագիծը հանձնաժողովին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա ներկայացմամբ՝ կարգավորումը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր Շանհայի վարկանիշավորման թոփ 50 համալսարաններում սովորել են
-
բակալավրիատում,
-
մագիստրատուրայում կամ
-
ասպիրանտուրայում
առկա ուսուցման ձևով և ավարտել են կրթական ծրագիրը։
Օրենքի նախագծով սահմանվում է, որ նշված պայմանները բավարարելու և ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու դեպքում՝ կառավարության կողմից նախապես սահմանված ոլորտում, քաղաքացին կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։
Նախագծի նպատակն է՝ խթանել բարձրակարգ կրթություն ստացած մասնագետների վերադարձը Հայաստան և նրանց ներգրավումը երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում՝ համադրելով կրթական, աշխատաշուկայի և պաշտպանական քաղաքականությունները։

