Կիրակի վաղ առավոտյան Ճապոնիայի արևելքում տեղի է ունեցել նախնական 5,9 մագնիտուդով երկրաշարժ։ Մի քանի մարդ տուժել է, գնացքների երթևեկությունը խափանվել է, հաղորդում է Kyodo-ն՝ հղում անելով տեղական օդերևութաբանական գործակալության և իշխանությունների տվյալներին։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 02:00-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայի հարավային հատվածում՝ 68 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգ չի առաջացել։
Իբարակիի, Սայտամայի և Տիբայի որոշ շրջաններում, ինչպես նաև Տոկիոյի Ադաչի շրջանում, ցնցումների ուժգնությունը հասել է 5 բալի՝ ըստ ճապոնական յոթբալանոց սանդղակի։ Նման ուժգնության դեպքում մարդկանց մեծ մասը զգում է ուժեղ վախ և փորձում է բռնվել կայուն առարկաներից, իսկ իրերը կարող են ընկնել դարակներից։
Երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Տուժածների թվում են երիտասարդ մի տղամարդ և մոտ 70 տարեկան մի կին Սայտամայում, ինչպես նաև երեք մարդ Տոկիոյից հարավ գտնվող Կավասակի քաղաքում։
Երկրաշարժը նաև հանգեցրել է գնացքների երթևեկության ուշացումների և որոշ երթուղիներում դրանց արագության նվազեցման։ Ավելի ուշ վերականգնվել է Keisei գծով երթևեկությունը, որը կապում է Տոկիոյի կենտրոնը Նարիտա օդանավակայանի հետ։ Tobu Railway-ի որոշ արագընթաց գնացքներ շարունակում էին չերթևեկել։
Տոկիոյի Կոտո շրջանում ջրատար խողովակի վթար է տեղի ունեցել։ Իշխանությունները պարզում են՝ արդյոք միջադեպը կապված է երկրաշարժի հետ։
Իբարակիում գտնվող «Տոկայ №2» և երկրի հյուսիսարևելյան հատվածում գտնվող «Ֆուկուսիմա-1» ու «Ֆուկուսիմա-2» ատոմային էլեկտրակայաններում խախտումներ չեն հայտնաբերվել։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտնել է, որ հանձնարարել է իշխանություններին գնահատել վնասների ծավալը և ժամանակին տեղեկացնել բնակչությանը։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը բնակիչներին կոչ է արել պահպանել զգուշավորությունը առաջիկա շաբաթվա ընթացքում՝ մինչև 5 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժերի հավանականության պատճառով, հատկապես առաջիկա երկու-երեք օրերին։ Ստորգետնյա ցնցումից հետո գործակալությունը երկրաշարժի վերաբերյալ արտակարգ նախազգուշացում է հրապարակել։


