Մարտի 20-ին նշվում է գարնանային գիշերահավասարը, որը համարվում է աստղագիտական գարնան սկիզբը։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Երևանի ժամանակով 18:46-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչով էլ սկսվում է գարունը հյուսիսային կիսագնդում։
Գարնանային գիշերահավասարը համարվում է կարևոր աստղագիտական երևույթ, երբ ցերեկն ու գիշերը գրեթե հավասարվում են։ Սակայն մասնագետների նշմամբ՝ դրանք լիովին հավասար չեն՝ մթնոլորտային ռեֆրակցիայի պատճառով։
Այսօրվանից սկսած եղանակները կիսագնդերում «փոխվում են տեղերով»․ հյուսիսում սկսվում է գարունը, իսկ հարավում՝ աշունը։
Աստղագիտական գարունը կտևի մինչև հունիսի 21-ը՝ ամառային արևադարձը։

