Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր շրջադարձի առջև։ Առաջիկայում կառավարության կողմից կհրապարակվի 2026 թվականի առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի 3.95% աճի ցուցանիշը, ինչը կներկայացվի իբրև տնտեսական աճի շարունակականության ապացույց։ Tvyal.com-ը գրում է, որ թեև նշված վիճակագրական ցուցանիշը հավաստի է, այն վերջին հինգ տարիների կտրվածքով առաջին եռամսյակի ամենացածր աճն է։ Փաստացի, արտաքնապես դրական դինամիկայի ներքո թուլանում է հիմնարար տնտեսական բազան, որի մասին մենք փաստել ենք վերջին 3 տարիների ընթացքում մեր վերլուծությունների մեջ։ Ներկայիս տեղաշարժն առանձնանում է իր կտրուկ բնույթով։ Ֆինանսական հատվածը, որը նախորդ տարի ապահովում էր տնտեսության ամենաարագ աճը, կրճատվել է՝ շուրջ 27% աճից հասնելով -13% անկման մակարդակի։ Մեր կողմից ապրիլին կանխատեսված «իրանական կապիտալի ներհոսքի» նահանջն արդեն շոշափելի է, ինչն առաջնահերթորեն արտացոլվում է բանկային համակարգի ցուցանիշներում։
Տնտեսական ակտիվության թվացյալ պատկերը
2026 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի մակրոտնտեսական ցուցանիշների առաջնային ուսումնասիրությամբ բացասական միտումներ չեն զգացվում։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պահպանում է աճի տեմպերը՝ գերազանցելով տարածաշրջանի երկրների մեծամասնության ցուցանիշները և մնալով դրական տիրույթում։ Այդուհանդերձ, մակրոտնտեսական կայունության գնահատման հարցում առանցքային է ոչ միայն աճի մակարդակը, այլև դրա զարգացման վեկտորը, որը վերջին երեք տարիներին անփոփոխ նվազում է։ Մասնավորապես, առաջին եռամսյակի աճի ցուցանիշը 2023 թվականին կազմել է 12.4%, 2024 թվականին՝ 7.0%, 2025 թվականին՝ 5.4%, իսկ 2026 թվականին նվազել է մինչև 3.95%։ Արձանագրվում է տնտեսական արդյունքի տարեվերջյան համակարգային կրճատում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Տնտեսական ակտիվության թվացյալ պատկերը
2026 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի մակրոտնտեսական ցուցանիշների առաջնային ուսումնասիրությամբ բացասական միտումներ չեն զգացվում։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պահպանում է աճի տեմպերը՝ գերազանցելով տարածաշրջանի երկրների մեծամասնության ցուցանիշները և մնալով դրական տիրույթում։ Այդուհանդերձ, մակրոտնտեսական կայունության գնահատման հարցում առանցքային է ոչ միայն աճի մակարդակը, այլև դրա զարգացման վեկտորը, որը վերջին երեք տարիներին անփոփոխ նվազում է։ Մասնավորապես, առաջին եռամսյակի աճի ցուցանիշը 2023 թվականին կազմել է 12.4%, 2024 թվականին՝ 7.0%, 2025 թվականին՝ 5.4%, իսկ 2026 թվականին նվազել է մինչև 3.95%։ Արձանագրվում է տնտեսական արդյունքի տարեվերջյան համակարգային կրճատում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությամբ փաստվում է տվյալ միտումների օրինաչափությունը։ Հայաստանի տնտեսական աճի երկարաժամկետ միջին ցուցանիշը կազմում է 4.5%։ Սա այն տեմպն է, որը պահպանվել է 2010-ականներին՝ մինչև համավարակը և արտաքին կապիտալի զանգվածային ներհոսքը։ Յուրաքանչյուր համակարգ հակված է վերադառնալու իր երկարաժամկետ միջինին, եթե չեն իրականացվել կառուցվածքային բարեփոխումներ, որոնցով կապահովվի ավելացված արժեքի երկարաժամկետ գեներացում։ Այս տրամաբանությունը հիմնավորվել է վերջին երեք տարիներին արձանագրված յուրաքանչյուր արտաքին տնտեսական շոկի պայմաններում՝ 2022 թվականի ռուսական կապիտալի ներհոսքի, 2023 և 2024 թվականների ոսկու վերարտահանման ծավալների աճի, ինչպես նաև իրանական կապիտալի դերակատարման ժամանակ, որն ապահովեց 2025 թվականի 7.2% աճը։ Թեև կարճաժամկետ հատվածում դրանք ապահովել են տնտեսական ակտիվության բարձր մակարդակ, ազդեցության սպառմանը զուգահեռ տնտեսությունը վերադարձել է իր բազային աճի մակարդակին։ Tvyal.com-ի ՀՆԱ-ի վերաբերյալ նախորդ հրապարակման համաձայն՝ հունիսին հրապարակվելիք 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալները պետք է դառնային իրանական կապիտալի հոսքերի կայունությունը ստուգող ազդակը։ Փաստացի արդյունքներն արդեն իսկ վկայում են այդ հոսքերի կրճատման մասին, ինչն առավել ցայտուն արտացոլված է բանկային համակարգի ցուցանիշներում։
Տնտեսական աճի կառուցվածքային տեղաշարժերը
Ոլորտային զարգացումների վերլուծությամբ արձանագրվում է հակասական պատկեր։ 2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել են ավելի բարձր ցուցանիշներ՝ 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի նկատմամբ։ Մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում նախորդ տարվա -10% անկման փոխարեն արձանագրվել է 35% աճ։ Շինարարության աճի տեմպերն արագացել են՝ 14%-ից հասնելով 21%-ի։ Տրանսպորտի ոլորտում ապահովվել է 12% աճ՝ նախորդ ժամանակահատվածի -13% անկման դիմաց։ Մշակող արդյունաբերությունը, որը մեկ տարի առաջ կրճատվել էր ավելի քան -20%-ով, նույնպես դրսևորել է փոքր-ինչ դրական դինամիկա։ Ընդհանուր առմամբ, առանձին ճյուղերում արձանագրվել է աճի տեմպերի էական արագացում։
Այդուհանդերձ, ընդհանուր տնտեսական աճի տեմպերը դանդաղել են։ Այս երևույթը ենթադրում է կառուցվածքային գործոնների հավելյալ պարզաբանում։
Սակայն առկա է մտահոգիչ խնդիր ֆինանսական համակարգում, որը հանդիսանում է տնտեսության շարժիչ ուժը։ Մեկ տարի առաջ ֆինանսական հատվածն ապահովում էր տնտեսական աճի հիմնական մասնաբաժինը՝ աճելով շուրջ 27%-ով։ Վերջինս մեծապես պայմանավորված էր արտասահմանյան կապիտալի ՀՀ բանկային համակարգով սպասարկման ծավալների մեծացմամբ։ Ընթացիկ տարում նույն ոլորտում արձանագրվել է 13% անկում։ Տնտեսության այլ ճյուղերում դրսևորվող ակտիվությունը բավարար չէ ֆինանսական հատվածի կրճատման հետևանքով առաջացած ճեղքվածքը լրացնելու և ընդհանուր աճի նախկին տեմպերը պահպանելու համար։
Բանկային համակարգը կապիտալի առաջնային կլանիչն է։ Կապիտալի զանգվածային ներհոսքի պայմաններում այն առաջնահերթորեն կուտակվում է բանկային համակարգում, ինչի արդյունքում ֆինանսական ծառայությունների ոլորտում աննախադեպ աճ է արձանագրվում։ Ներհոսքի տեմպերի դանդաղմանը զուգընթաց տեղի է ունենում հակառակ գործընթացը, որն անմիջապես արտացոլվում է ոլորտի ցուցանիշներում։ Հետևաբար, նախորդ տարվա +27% աճը և ընթացիկ տարվա −13% անկումը փոխկապակցված մակրոտնտեսական երևույթներ են, որոնք արտացոլում են կապիտալի միևնույն ալիքի ներհոսքի և արտահոսքի փուլերը։
Տնտեսական աճն ապահովող ընթացիկ գործոնները
Ֆինանսական հատվածի կրճատման պայմաններում ընդհանուր ցուցանիշի դրական մակարդակը պայմանավորված է աճի կառուցվածքային բաշխմամբ։ Տնտեսական աճին շինարարության ոլորտի նպաստումը կազմել է 1.5 տոկոսային կետ, ծառայությունների ավելի լայն համախումբը՝ 1.1 տոկոսային կետ, իսկ հանքարդյունաբերությունը՝ 0.9 տոկոսային կետ։ Միևնույն ժամանակ, ֆինանսական ոլորտի բացասական նպաստումը կազմել է -0.9 տոկոսային կետ։ Հատկանշական է, որ շինարարության ոլորտի աճը մեծապես ֆինանսավորվում է բանկային համակարգից ներգրավված միջոցների հաշվին, ուստի վերջինիս անկման շարունակականությունը շղթայական կանդրադառնա շինարարության ծավալների վրա։ Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տնտեսական աճի շուրջ 60%-ն ապահովվել է բացառապես շինարարության և հանքարդյունաբերության ճյուղերի հաշվին, ինչը ցույց է տալիս տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը և խոցելիությունը։
Հարկ է արձանագրել նաև, որ աճի նմանօրինակ կառուցվածքը նախկինում արդեն իսկ դիտարկվել է։ Շինարարության ոլորտում 21% աճը պայմանավորված չէ բնակարանային ֆոնդի նկատմամբ բնական պահանջարկի կտրուկ ավելացմամբ։ Դա մեծապես արտաքին կապիտալի ներհոսքի հետևանք է, որը հոսում է դեպի երկարաժամկետ պահպանման ներդրումային գործիքներ՝ անշարժ գույքի տեսքով։ Նախորդ տարի բանկային համակարգում կուտակված ֆինանսական միջոցներն ընթացիկ տարում վերաուղղորդվում են դեպի կապիտալ շինարարություն։ Փաստացիորեն, տեղի է ունենում կապիտալի նույն ալիքի փոփոխություն՝ բանկային ավանդներից դեպի անշարժ գույք։ Ինչպես նախորդ տարիներին արձանագրված ոսկու վերարտահանումը, այնպես էլ սա կրում է ժամանակավոր խթանող բնույթ, հետևաբար չի կարող դիտարկվել իբրև կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի երաշխիք։
Տնտեսական աճի եռամսյակային ցուցանիշը տնտեսության կառուցվածքային կայունության ամբողջական գնահատական չէ, այն պարզապես արտացոլում է տվյալ ժամանակահատվածում ակտիվություն դրսևորած առանձին ճյուղերի կարճաժամկետ վիճակը։
Քողարկված տնտեսական անկում
Տնտեսության կառուցվածքային զարգացումներն առավել ակնառու են 2020 թվականից սկսած ժամանակագրական շարքի վերլուծությամբ։ Եռամսյակային աճին առանձին ճյուղերի նպաստումն ընդլայնվել է 2022 թվականին՝ ռուսական կապիտալի շոկային ներհոսքի ազդեցությամբ։ Այնուհետև, այդ ալիքի մարմանը զուգընթաց, նկատվել է աստիճանական նվազում, ապա՝ կրկին ընդլայնում՝ պայմանավորված իրանական կապիտալի ներհոսքով։ Նշված աճի ալիքներն ըստ էության արտաքին աշխարհաքաղաքական և տնտեսական ճգնաժամերի արտացոլումն են ՀՀ տնտեսության վրա։
Հիմնական ռիսկերը պայմանավորված են ոչ թե 3.95% աճի ցուցանիշով, որն ինքնին դրական մեծություն է, այլ դրա կառուցվածքում առկա քողարկված անկումային միտումներով։ Մակրոտնտեսական ընդհանուր ցուցանիշով չի արտացոլվում կապիտալի հոսքերի նվազման գործընթացի սկիզբը։ Եթե մոտակա շրջանում մեր հարևան պետություններում չգրանցվի կապիտալի արտահոսքի զգալի ալիք, ապա ՀՆԱ-ի աճը շարունակելու է նվազել։
Մակրոտնտեսական գնահատման առաջնային ցուցանիշը, ինչպես արձանագրվել էր ապրիլին, մնում է անփոփոխ։ Դա բանկային համակարգ արտարժույթի զուտ ներհոսքն է, որը պարբերաբար հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ընթացիկ եռամսյակում ֆինանսական հատվածի բացասական ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտարժույթի ներհոսքի տեմպերը զիջում են նախորդ տարվա ծավալներին, որի հետևանքով դրամը վերջին շրջանում կայունացել է դոլարի հանդեպ։ Այս դինամիկայի պահպանման պարագայում շինարարության ոլորտը կզրկվի ֆինանսավորման հիմնական աղբյուրից, ինչի արդյունքում տնտեսական աճի 4.5% երկարաժամկետ միջինը կվերածվի աճի վերին սահմանի։ Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը երկու անգամ գրանցել է նույն օրինաչափությունը՝ ռուսական և իրանական կապիտալի ներհոսքերի պայմաններում։ Երկու դեպքում էլ առաջանում է ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտություն՝ հարևան երկրներում ճգնաժամերի բացակայության պարագայում ներքին տնտեսական պոտենցիալի իրացման տեսանկյունից։ Քանի դեռ հանրապետությունում չեն ապահովվում սեփական ավելացված արժեքի ստեղծման գործուն համակարգեր, տնտեսական անվտանգությունը խոցելի է մնում արտաքին գործոնների նկատմամբ։

