ABNews

Գնաճը սահմանին. ինչպե՞ս է ճանապարհի անցանելիությունը թելադրում սպառողական գները

Լուրեր | 2026/06/20 13:00

Գնաճը սահմանին. ինչպե՞ս է ճանապարհի անցանելիությունը թելադրում սպառողական գները

2026 թվականի ապրիլին Հայաստանում արձանագրվել է 5.35% գնաճ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է եղել 2023 թվականի կեսերից։ Մայիսին այդ ցուցանիշն արդեն նվազել է մինչև 4.24%։ Tvyal. com-ը գրում է, որ Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում՝ այս գնային ցնցումը գրեթե ամբողջությամբ դրսևորվում է պարենային ապրանքների շուկայում և պարբերական բնույթ ունի՝ սրվելով ձմռանը և մեղմանալով ամռան ամիսներին։ 2026 թվականին արձանագրված առավել կտրուկ գնաճը հիմնականում պայմանավորված է գնային կայունությունն ապահովող լոգիստիկ ավտոճանապարհի երթևեկության խափանմամբ։

Գնաճը պայմանավորված է պարենային շուկայով, այլ ոչ թե ներքին տնտեսությամբ

Ապրիլին նախորդող մեկ տարվա կտրվածքով պարենային ապրանքների գներն աճել են 9.5%-ով, որից հետո մայիսին գնաճի տեմպը նվազել է մինչև 6.5%, երբ գյուղատնտեսական մթերքի առաջին խմբաքանակները մուտք գործեցին շուկա։ Պարենային ապրանքները կազմում են հայաստանյան տնային տնտեսությունների սպառողական զամբյուղի շուրջ մեկ երրորդը, այսպիսով պարենամթերքի գնային տատանումներն ուղղակիորեն ազդում են սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) վրա։

Սպառողական զամբյուղի մնացած բաղադրիչներում էական փոփոխություններ չեն արձանագրվում տարվա ընթացքում։ Ծառայությունների ոլորտում գնաճը կազմում է շուրջ 2.7% (2022 թվականի վերջին արձանագրված 7.2% առավելագույն ցուցանիշի դիմաց), իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճը 2.1% է։ Ըստ էության, ներկայիս գնաճը չի դրսևորում պահանջարկով պայմանավորված «կպչուն» (sticky) բնույթ, որը բնորոշ էր 2022 թվականի վերջի տնտեսական իրավիճակին և առավել դժվար էր կառավարվում։ Այս գնաճը պարենի առաջարկի շոկի հետևանք է, ինչն ուղղակիորեն պայմանավորված է հայ-իրանական սահմանին արձանագրված լոգիստիկ խնդիրներով։

Նշված գործոնների տարանջատումն առանցքային է դրամավարկային քաղաքականության համապատասխան գործիքակազմի ընտրության տեսանկյունից։ Աշխատավարձերի, վարձավճարների և ծառայությունների համակցված գնաճի պարագայում Կենտրոնական բանկը սովորաբար կիրառում է տոկոսադրույքների բարձրացման գործիքը։ Պարենի առաջարկի շոկն այլ տրամաբանություն ունի. իրավիճակն ինքնակարգավորվում է բեռնափոխադրումների բնականոն ընթացքի վերականգնմանը զուգահեռ, ինչով ենթադրվում է, որ Կենտրոնական բանկի օպտիմալ վարքագիծն այս դեպքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելն ու սպասելն է։

Պարենային ապրանքների գների վառ արտահայտված սեզոնայնությունը

Հայաստանում պարենային ապրանքների գնագոյացումն ունի խիստ օրինաչափ սեզոնայնություն։ Գնային առավելագույն մակարդակն արձանագրվում է ձմռան ամիսներին՝ տեղական գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը զուգահեռ, իսկ նվազագույն մակարդակը դիտարկվում է ամռան վերջին՝ շուկայում տեղական բերքի առաջարկի կտրուկ ավելացման արդյունքում։ Տեղական առաջարկի անկման և գների աճի նույն ժամանակահատվածում առաջանում է ներմուծման ծավալների ընդլայնման օբյեկտիվ անհրաժեշտություն՝ ներքին պահանջարկը բավարարելու նպատակով, սակայն ձմռան ամիսներին և՛ Լարսի, և՛ Մեղրիի սահմաններն ունեն դժվար անցանելության խնդիր։ Այս կտրուկ խնդիրը չի անդրադառնում հացահատիկի և էներգակիրների գնի վրա, որոնք բերվում են նախապես և պահեստավորվում, սակայն դա զգալի կերպով անդրադառնում է մրգի և բանջարեղենի գների վրա, որոնք հանդիսանում են գլխավոր ոչ մոնիտար գնաճային ազդակը։

Զարգացած տնտեսությունների զգալի մեծամասնության համար նմանօրինակ տատանումները բնորոշ չեն։ Հայաստանի Հանրապետության պարագայում այս ֆենոմենը կրում է խիստ ընդգծված բնույթ, ինչը վկայում է համակարգային առանձնահատկության և խոցելիության մասին։

Աշխարհի բոլոր երկրների շարքում միայն պատերազմական իրավիճակում կամ հիպերգնաճի պայմաններում գտնվող տնտեսություններում (օրինակ՝ Սուդան, Վենեսուելա, Սիրիա, Լիբանան) է արձանագրվում ավելի մեծ ամսական գնային տատանողականություն, քան Հայաստանում [1]։ Որպես համեմատություն՝ անգամ բարձր գնաճի խնդիր ունեցող Թուրքիայում ամսական տատանումներն ավելի մեղմ են, քան մակրոտնտեսական առումով հարաբերականորեն կայուն Հայաստանում։ Ավելին, բազմաթիվ կայուն տնտեսություններ, որտեղ պարենի մասնաբաժինը սպառողական զամբյուղում նույնքան բարձր է, ունեն զգալիորեն ավելի մեղմ տատանումներ։ Հետևաբար հիմնախնդիրը պայմանավորված է ոչ թե սպառման ծավալներով, այլ մատակարարման ուղիների ֆիզիկական հասանելիությամբ։

Մատակարարման մեկ լեռնանցքային ուղի

Գնաճի խնդրի լոգիստիկ էությունը հաճախ դուրս է մնում վերլուծաբանների ուշադրությունից։ Ձմռան ամիսներին թարմ գյուղմթերքի զգալի մասը Հայաստան է ներմուծվում Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ Մեղրիի միակ մաքսակետով և 2535 մետր բարձրության վրա գտնվող լեռնային ավտոճանապարհով։ Իրանը հանդիսանում է Հայաստանի ձմեռային թարմ գյուղմթերքի խոշորագույն մատակարարը։ Մատակարարումների առավելագույն ծավալն արձանագրվում է դեկտեմբերին, որից հետո՝ հունվարին, ներմուծումը կրճատվում է շուրջ 66%։ Նվազումն արձանագրվում է հենց այն ժամանակահատվածում, երբ տեղական պաշարները նվազագույնն են, ինչը պայմանավորված է եղանակային խիստ պայմաններում լեռնանցքի անցանելիության օբյեկտիվ դժվարություններով։

Ի տարբերություն վառելիքի կամ հացահատիկի, որոնք հնարավոր է պահեստավորել երկարաժամկետ կտրվածքով, շուտ փչացող ապրանքները պահանջում են անխափան և օպերատիվ բեռնափոխադրում։ Պայմանավորված այս հանգամանքով՝ ավտոճանապարհի ցանկացած փակում ընդամենը շաբաթների ընթացքում հանգեցնում է գների կտրուկ աճի։

Հայաստանի դեպքում գնաճի ընդգծված սեզոնայնությունն, ըստ էության, լոգիստիկ հիմնախնդիր է, որը դրսևորվում է դրամավարկային ցուցանիշների միջոցով։

2026 թվականին խնդիրը պայմանավորված էր ոչ միայն առատ տեղումներով։ Հարավային ցամաքային ուղու երթևեկությունը պատերազմից խափանվեց մարտին՝ այն ամենակարևոր ժամանակահատվածում, երբ ներմուծման պահանջարկն առավել արտահայտված էր։ Սա ուղղակիորեն պայմանավորեց ապրիլյան գնաճի 5.35% առավելագույն ցուցանիշը։

Կանխատեսումներ և ակնկալիքներ

Մինչ այժմ ՀՀ Կենտրոնական բանկը ձեռնպահ է մնացել դրամավարկային գործիքակազմի կիրառումից։ Ընթացիկ տարվա բոլոր նիստերում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6.50% մակարդակում՝ փոքր-ինչ բարձր գնահատվող 6.25% չեզոք մակարդակից։ Կենտրոնական բանկի տրամաբանությունը հիմնված է այն կանխավարկածի վրա, որ դրամավարկային քաղաքականությունը միտված է միջնաժամկետ գնաճային սպասումների կառավարմանը, այլ ոչ թե կարճաժամկետ կամ սեզոնային շոկերի չեզոքացմանը. ի վերջո, տոկոսադրույքի փոփոխմամբ հնարավոր չէ վերականգնել լեռնանցքի անցանելիությունը։ Մակրոտնտեսական կանխատեսումները համահունչ են այս մոտեցմանը. ամառային բերքահավաքի և բազային էֆեկտի մարման արդյունքում ակնկալվում է ընդհանուր գնաճի վերադարձ թիրախային միջակայքին։

Նշենք նաև, որ ընթացիկ տարում վերանայվել է նաև գնաճի թիրախը։ Հունվարին Կենտրոնական բանկը նվազեցրեց թիրախային ցուցանիշը 4%-ից մինչև 3%՝ միաժամանակ փոքրացնելով տատանումների թույլատրելի միջակայքը մինչև +/- 1 տոկոսային կետ։ Հետևաբար, ապրիլյան ցուցանիշը տեղավորվում էր հին թիրախային վերին շեմի շրջանակներում, սակայն էապես գերազանցում էր նոր սահմանված թիրախը։

Այդուհանդերձ, առկա է մեկ վիճակագրական ցուցանիշ, որը վկայում է թաքնված համակարգային ռիսկերի մասին։ Բազային գնաճը, որը չի ներառում խիստ տատանողական պարենի և էներգակիրների գները, ընթացիկ տարվա բոլոր ամիսներին անընդմեջ աճել է՝ մայիսին հասնելով 5.0%-ի և գերազանցելով անգամ ընդհանուր գնաճի ցուցանիշը։ Երբ բազային գնաճը գերազանցում է ընդհանուր գնաճին, դա վկայում է այն մասին, որ պարենային շոկի ազդեցությունը հավանաբար փոխանցվում է աշխատավարձերին և տնտեսության այլ հատվածներին։ Այսպես, կարճաժամկետ սեզոնային գնաճը վերածվում է լայնամասշտաբ մակրոտնտեսական խնդրի՝ պահանջելով Կենտրոնական բանկի անմիջական միջամտությունը։

Հետևաբար, դիտարկվող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշը պետք է լինի ոչ թե ընդհանուր, այլ բազային գնաճը։ Ընդհանուր գնաճը կնվազի սեզոնայնության համապատասխան։ Եթե դրան զուգահեռ արձանագրվի նաև բազային գնաճի նվազում, դրանով կվկայվի, որ ԿԲ սպասողական քաղաքականությունն արդարացված էր, և 2026 թվականի ցուցանիշները պայմանավորված էին զուտ լեռնանցքի խափանումով։ Բայց և այնպես, եթե ընդհանուր գնաճի նվազման պայմաններում բազային գնաճի աճը շարունակվի, դա կվկայի այս շոկի շարունակության մասին, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման և դրամավարկային պայմանների կոշտացման։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը