Ինչո՞ւ է բուժառուի անձնական տարածքը հաճախ մնում սենյակի չորս պատերի ներսում, բայց ոչ՝ գաղտնի
-«Ասեք՝ ինչի՞ համար եք դիմել, ի՞նչ գանգատներ ունեք»։
Սա այն հարցերից է, որով սկսվում է գրեթե յուրաքանչյուր բժշկական խորհրդատվություն։ Հարց, որի պատասխանը հաճախ ներառում է մարդու կյանքի ամենանձնական դրվագները՝ հիվանդությունների պատմություն, հոգեկան առողջություն, վերարտադրողական խնդիրներ, ընտանեկան հարաբերություններ, երբեմն նույնիսկ այնպիսի հանգամանքներ, որոնց մասին նա երբեք չի խոսել ամենամտերիմ մարդկանց հետ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ այս զրույցը չի ընթանում միայն բժշկի և բուժառուի միջև։
Հայաստանի բազմաթիվ բուժհաստատություններում սովորական պատկեր է, երբ մեկ աշխատասենյակում միաժամանակ աշխատում են երկու, երեք կամ նույնիսկ ավել բժիշկներ։ Նույն տարածքում զուգահեռ ընթանում են տարբեր խորհրդատվություններ, և բուժառուները ակամայից դառնում են միմյանց առողջական պատմությունների ունկնդիրները։ Այս տեսարանն այնքան սովորական է դարձել, որ շատերը դադարել են այն դիտարկել որպես խնդիր, բայց հենց այստեղ է առաջանում կարևոր հարցը. որտե՞ղ է ավարտվում բուժհաստատության կազմակերպչական անհրաժեշտությունը և որտե՞ղ է սկսվում բուժառուի իրավունքը։
Բժշկական գաղտնիությունը սկսվում է ոչ թե փաստաթղթերից, այլ միջավայրից
Բժշկական գաղտնիության մասին խոսելիս սովորաբար պատկերացնում ենք բժշկական քարտերի արտահոսք, ախտորոշման հրապարակում կամ բժշկի կողմից տեղեկատվության փոխանցում երրորդ անձանց։ Սակայն իրականում գաղտնիությունը սկսվում է շատ ավելի վաղ՝ այն պահից, երբ բժիշկը տալիս է առաջին հարցը, իսկ բուժառուն սկսում է պատասխանել։ Եթե այդ խոսակցությունը լսելի է այլ մարդկանց, եթե նույն սենյակում զուգահեռ ընթանում են այլ խորհրդատվություններ, ապա գաղտնիության ապահովման սկզբունքը հայտնվում է ռիսկի տակ դեռևս մինչև որևէ փաստաթուղթ լրացնելը։ Այլ կերպ ասած՝ բժշկական գաղտնիությունը միայն տեղեկատվության պահպանման մասին չէ։ Այն նաև այն միջավայրի մասին է, որտեղ այդ տեղեկատվությունը հավաքագրվում է։
Վստահությունը նույնպես բուժման գործիք է
Հաճախ բժշկության մասին խոսելիս ուշադրությունը կենտրոնանում է մասնագիտական գիտելիքի, տեխնոլոգիաների կամ դեղորայքի վրա։ Սակայն բուժման հաջողության կարևոր նախապայմաններից մեկը վստահությունն է։ Եթե բուժառուն իրեն ապահով չի զգում, նա կարող է չբարձրաձայնել որոշ հանգամանքներ։ Դա կարող է լինել ընտանեկան բռնության մասին տեղեկություն, հոգեկան առողջության խնդիր, սեռավարակ, կախվածություն, աբորտ, անպտղություն կամ պարզապես այնպիսի հարց, որի մասին խոսելը նրա համար հոգեբանորեն դժվար է։ Երբ բուժառուն վստահ չէ, որ իր խոսակցությունը գաղտնի կմնա, նա կարող է ակամայից թաքցնել կարևոր տեղեկատվություն, իսկ դա կարող է ազդել ախտորոշման ճշգրտության և բուժման արդյունավետության վրա։ Այս իմաստով բժշկական գաղտնիությունը միայն մարդու իրավունքը չէ, այն նաև կլինիկական անհրաժեշտություն է։
Երբ ժամանակավոր լուծումը դառնում է համակարգային նորմ
Հայաստանի բազմաթիվ բուժհաստատություններ գործում են շատ տարիներ առաջ կառուցված շենքերում, որտեղ աշխատասենյակների քանակը սահմանափակ է։ Բուժառուների հոսքը մեծ է, բժիշկների ծանրաբեռնվածությունը՝ նույնպես, իսկ ֆինանսական և տարածքային ռեսուրսները հաճախ չեն բավարարում ժամանակակից պահանջներին։ Այս պայմաններում մեկ սենյակում մի քանի բժշկի աշխատանքը հաճախ դառնում է ոչ թե ցանկություն, այլ կազմակերպչական անհրաժեշտություն։ Սակայն ցանկացած ժամանակավոր լուծում, եթե երկար է պահպանվում, աստիճանաբար վերածվում է նորմայի։ Երբ բժիշկները սովորում են աշխատել այդ պայմաններում, իսկ բուժառուները՝ ընդունել դա որպես բնական երևույթ, խնդիրը դադարում է ընկալվել որպես խնդիր։
Տեղեկացված համաձայնություն. այն հարցը, որի մասին գրեթե չի խոսվում
Ենթադրենք՝ բուժառուն մտնում է բժշկի աշխատասենյակ և տեսնում է այնտեղ ևս մի քանի մարդու։
Նրան ասում են.
-«Մի անհանգստացեք, բժիշկներ են»։
Բայց արդյո՞ք նրան ներկայացվում է, թե ովքեր են այդ մարդիկ։ Արդյո՞ք բացատրում են, թե ի՞նչ նպատակով են ներկա։ Արդյո՞ք բուժառուն հնարավորություն ունի ասել, որ նախընտրում է խորհրդատվությունն անցկացնել առանց նրանց ներկայության։ Շատ դեպքերում նման հարց պարզապես չի տրվում։ Մինչդեռ միջազգային բժշկական էթիկայի սկզբունքները կարևորում են տեղեկացված համաձայնությունը։ Եթե խորհրդատվությանը մասնակցում են ուսանողներ կամ այլ մասնագետներ, բուժառուն պետք է տեղեկացված լինի դրա մասին և հնարավորություն ունենա արտահայտելու իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը։ Խոսքը ոչ թե կրթական գործընթացը սահմանափակելու, այլ բուժառուի ընտրության իրավունքը հարգելու մասին է։
Գաղտնիության կորուստը միշտ չէ տեսանելի
Բժշկական գաղտնիության խախտումը միշտ չէ, որ արտահայտվում է արտահոսած փաստաթղթերով կամ հրապարակված ախտորոշումներով։ Երբեմն այն շատ ավելի աննկատ է։ Դա այն պահն է, երբ կողքի բուժառուն ակամայից լսում է քո պատմությունը։ Երբ դու լսում ես նրա ախտորոշումը։ Երբ մարդիկ, առանց իրենց ցանկության, դառնում են միմյանց կյանքի ամենազգայուն տեղեկությունների վկաները։ Թերևս ամենամեծ կորուստն այս դեպքում ոչ թե տեղեկատվության արտահոսքն է, այլ վստահության կորուստը։ Իսկ վստահությունը բժշկության մեջ նույնքան կարևոր ռեսուրս է, որքան մասնագիտական փորձը կամ ժամանակակից սարքավորումները։
Խնդիրը բժիշկները չեն
Այս թեմայի շուրջ խոսելիս կարևոր է չշփոթել պատճառներն ու հետևանքները։
Խոսքը բժիշկների մասնագիտական բարեխղճության մասին չէ։ Շատ բժիշկներ աշխատում են այն պայմաններում, որոնք իրենք չեն ընտրել։ Նրանք նույնպես ստիպված են հարմարվել տարածքային սահմանափակումներին, մեծ ծանրաբեռնվածությանը և կազմակերպչական դժվարություններին։ Ուստի խնդիրը պետք է դիտարկել ոչ թե առանձին մասնագետների, այլ առողջապահական համակարգի կազմակերպման տեսանկյունից։ Հենց այդ պատճառով էլ լուծումները պետք է լինեն համակարգային՝ ենթակառուցվածքների բարելավում, բուժառուների հոսքերի արդյունավետ կազմակերպում, խորհրդատվական տարածքների վերանայում և բժշկական գաղտնիության նկատմամբ առավել զգայուն մոտեցում։
Առողջապահական համակարգի որակը չի չափվում միայն նոր սարքավորումներով, վերանորոգված շենքերով կամ բարձր տեխնոլոգիաներով, այն չափվում է նաև այն պարզ հարցով, թե արդյո՞ք մարդը կարողանում է առանց վարանելու պատմել իր առողջական խնդիրների մասին՝ վստահ լինելով, որ այդ խոսակցությունը կմնա միայն իր և բժշկի միջև։
Մարիամ Ղարդյան

