Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ, որոնց նպատակն է ընդլայնել հնարավորությունները մերժում ստացած ընտանիքների համար։ Ըստ այդմ՝ արդեն գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որին կարող են դիմել այն ընտանիքները, որոնք ստացել են մերժում՝ բնակապահովման ծրագրին դիմելու արդյունքում։
Դիմումը կարող է դիտարկվել, եթե մերժման հիմք հանդիսացած տվյալների մեջ առկա են հետևյալ խնդիրները՝
- Դիմողի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի անունը բացակայում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կազմված բռնի տեղահանվածների շտեմարանում կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչների ցուցակում (ըստ Օպերատիվ շտաբի)։
- Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամ 2023թ. սեպտեմբերի 19-ին կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք՝ սեփականության, ընդհանուր համատեղ կամ բաժնային (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) իրավունքով, կամ ունի այդ գույքի գնման իրավունքի պետական գրանցում։
Այս փոփոխությունները հնարավորություն են տալիս վերանայել որոշումները և վերացնել տեխնիկական կամ փաստաթղթային շեղումներով պայմանավորված անարդար մերժումները՝ ապահովելով արդար և թափանցիկ մոտեցում աջակցության ծրագրի շրջանակում։

