ABNews

Անապահով ընտանիքների թիվը 2017–ի համեմատ նվազել է 2.2 անգամ․ ԱՍՀ

Լուրեր | 2026/06/11 16:00

Անապահով ընտանիքների թիվը 2017–ի համեմատ նվազել է 2.2 անգամ․ ԱՍՀ

Հայաստանում անապահովության գնահատման հին համակարգը՝ հանրությանը հայտնի «Փարոսը», վերջին տարիներին կրել է արմատական փոփոխություններ, ինչի արդյունքում նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է ավելի քան կիսով չափ։ Այս մասին կառավարության այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Թվերի դինամիկան. 100 հազարից՝ 46 հազար ընտանիք

Ըստ նախարարի ներկայացրած պաշտոնական տվյալների՝ համակարգում ընդգրկված ընտանիքների քանակական պատկերը հետևյալն է.

  • 2017 թվական. 100 հազար անապահով ընտանիք:

  • 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ. 46 հազար ընտանիք:

Այսպիսով, համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը պակասել է 54.1 տոկոսով կամ 2.2 անգամ։

«Սա, իհարկե, նաև ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք տեսնում ենք մեր գործընկերների՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից: Մենք գիտենք, որ վերջին տարիների ցուցանիշն իջել է, ինչպես նաև տեսնում ենք հարակից այլ ցուցանիշների միջոցով, օրինակ՝ գործազրկության թվերի անկումը, միջին աշխատավարձի բարձրացումը, աշխատատեղերի թվի բարձրացումը. այսինքն՝ այդ բոլորը խոսում են նույն պրոցեսի մասին»,- պարզաբանել է նախարար Արսեն Թորոսյանը:

Փաշինյան. «Պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդը՝ պետությանը»

Արձագանքելով զեկույցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը շրջադարձային և գաղափարախոսական նշանակություն ունի Հայաստանի համար, և ուրախություն է հայտնել, որ գործընթացը քաղաքական նկատառումներով չի կանգնեցվել:

«Այս բարեփոխումն ունի շատ կարևոր գաղափարախոսական և հայեցակարգային նշանակություն, որովհետև մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք և համաձայնության հասնենք ՀՀ-ում կյանքի միջին վիճակագրական մոդելի հարցում։ Կրթություն, աշխատանք, բարեկեցություն՝ սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։

Վարչապետի դիտարկմամբ՝ նոր համակարգի նպատակը ոչ թե մարդուն մշտական նպաստի վրա պահելն է, այլ նրան անապահովությունը հաղթահարելու գործիքներ տալը. «Մենք ոչ մեկին աջակցելուց չենք հրաժարվում և չենք էլ հրաժարվի երբեք։ Սակայն այս տրամաբանությունը պետք է գործի՝ պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդն ուժեղացնում է պետությանը»:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը