Հայաստանում ազատությունից զրկված անձանց ընդհանուր թիվն հատել է 3 000-ի շեմը, ընդ որում՝ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը: Այս մասին ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը:
Կալանավորումների կտրուկ աճի պատճառները
Նախարարի պարզաբանմամբ՝ չնայած բացարձակ թվերի ընդհանուր աճին, վերջին շրջանում կալանավորումների տեմպի ավելացումը պայմանավորված է ընտրական գործընթացներում արձանագրված ընտրակաշառքի գործերով, ինչը փաստում են նաև Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշները։
«Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկ ամսվա կտրվածքով եղել է կալանավորման 5 դեպք, հիմա այդ դեպքերը անցնում են 100-ը»,- նշել է Սրբուհի Գալյանը։
Նախարարը շեշտել է, որ իրավապահ համակարգը պետք է ցուցաբերի բալանսավորված մոտեցում՝ հստակ տարանջատելով, թե որ դեպքերում է անհրաժեշտ կիրառել բանտային կալանքը, և որ դեպքերում՝ տնային կալանքը։
5 տարի և ավել կալանքի տակ գտնվողներ. համակարգային խնդիր
Անդրադառնալով դատավարական ժամկետների խախտումներին՝ արդարադատության նախարարը մտահոգիչ է համարել այն փաստը, որ համակարգում կան անձինք, որոնք կալանքի տակ են գտնվում 5 տարի և ավելի։ Ըստ նրա՝ այս ոչ ընդունելի իրողությունը հիմնականում պայմանավորված է դատավորների հաճախակի փոփոխություններով, ինչի հետևանքով գործերի քննությունը ձգձգվում է։
1000 հոգու համար նոր քրեակատարողական հիմնարկ
ՔԿՀ-ների գերբեռնվածությունը թոթափելու նպատակով նախարարությունը Ֆինանսների նախարարության հետ համատեղ այսօր փնտրում է առավել ձեռնտու տարբերակ՝ 1 000 անձի համար նախատեսված նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար։ Ներկայումս քննարկվում է երկու մոդել.
Պետություն-մասնավոր գործընկերություն (PPP). Մասնավոր ներդրումների ներգրավմամբ առաջարկի դիտարկում:
Ստանդարտ պետական գնում. Գործընթաց, որտեղ կառուցումն ամբողջությամբ կապահովի պետությունը սեփական բյուջետային միջոցներով։

