Ազգային ժողովը մարտի 25-ի նիստում ընդունել է մի շարք օրենքների նախագծեր և միջազգային համաձայնագրեր։
Առաջին ընթերցմամբ քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության բարձրացման նախագիծը։ Նախատեսվում է սահմանել հավելավճար՝ աշխատանքային ստաժի համար։ Այն կգործի մինչև 11 տարվա համար և կավելանա աստիճանաբար՝ սկսած պաշտոնավարման 2-րդ տարվանից՝ 20%-ից մինչև յուրաքանչյուր տարի 10%-ով աճ։
Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նաև մոպեդների, տրիցիկլների և կվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը։ Այս քայլը պայմանավորված է տրանսպորտային միջոցների թվի աճով և ճանապարհային անվտանգության բարձրացման անհրաժեշտությամբ։
Նույն նիստում ընդունվել է նաև մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի կիրառման աստիճանական սահմանափակման նախաձեռնությունը, որը նպատակ ունի նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։
Խորհրդարանը վավերացրել է նաև մի շարք միջազգային համաձայնագրեր։
Դրանցից մեկը վերաբերում է «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին», որի նպատակն է պահպանել վտանգված տեսակները, այդ թվում՝ Կովկասյան ընձառյուծը։
Մյուսը՝ ԵԱՏՄ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական գործընկերության համաձայնագիրն է։ Այն նախատեսում է արտոնյալ ռեժիմ 217 հայկական ապրանքի համար, ինչը կխթանի արտահանումը։ Ըստ գնահատականների՝ հայկական արտահանողները կարող են ստանալ շուրջ 500 հազար դոլարի չափով աջակցություն։

