Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը՝ moj.gov.am։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նոր կայքը մշակվել և գործարկվել է՝ համապատասխանեցվելով «Հենակետ» ՀՀ պետական ծառայությունների պաշտոնական դիզայն համակարգին։ Նշվում է, որ այն ապահովում է ժամանակակից, միասնական և օգտատերերին հարմար միջավայր՝ պետական կառավարման թվային ներկայության միասնական մոտեցման շրջանակում։
Կայքի միջոցով քաղաքացիները կարող են արագ և համակարգված կերպով ծանոթանալ նախարարության գործունեությանը, իրավական նախաձեռնություններին, հրապարակումներին և ոլորտային տեղեկատվությանը։
Նախարարությունից հայտնում են, որ կայքի գործարկումը հնարավոր է դարձել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ իրականացված համագործակցության արդյունքում։

