Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր, ինչպես նաև վավերացրեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը։
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 70 մլն 400 հազար եվրոյի վարկ՝ ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի բարձրացման նպատակով։ Ծրագիրը համաֆինանսավորելու է նաև Զարգացման ֆրանսիական գործակալությունը՝ մոտ 70 մլն եվրոյի չափով։
Միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների, ռազմավարական ծրագրերի մշակման, քաղաքականությունների վերանայման և ազգային կենտրոնի ստեղծմանն ուղղված «soft» բաղադրիչին։
Նախագիծն ընդունվել է 66 կողմ, 18 դեմ և 2 ձեռնպահ ձայներով։
Պարտադիր ապահովագրություն՝ նաև մոպեդների համար
Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը։
Ըստ փոփոխության՝ մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները ևս կներառվեն պարտադիր ապահովագրության դաշտում։
Նախագիծն ընդունվել է 66 կողմ, 0 դեմ և 22 ձեռնպահ ձայներով։
Զինծառայողների ատեստավորման կարգի փոփոխություն
Երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Օրենքով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը և պայմանագրային ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
Նախագիծն ընդունվել է 68 կողմ, 0 դեմ և 20 ձեռնպահ ձայներով։

