Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերադառնալ հայրենիք, ծառայել և ֆինանսական վճարների միջոցով մարել Հայաստանի Հանրապետության առջև ունեցած իրենց պարտքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը քվեարկությամբ ստացել է 87 կողմ, 5 ձեռնպահ ձայներ։
Օրենքի նախագծով առաջարկվում է 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով հինգ տարբերակներից մեկը․
-
ծառայել 24 ամիս,
-
ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ,
-
ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ,
-
ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ,
-
կամ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։
Քվեարկությունից հետո Հայկ Սարգսյանը նշել է, որ նախագծին հազարավոր քաղաքացիներ երկար ժամանակ սպասել են։
«27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած մեր հայրենակիցները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, ծառայել, վճարել և նոր կյանք սկսել Հայաստանում՝ մարելով պետության առջև ունեցած պարտքը»,- ասել է պատգամավորը։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» խմբակցությանը՝ նախագծին կողմ քվեարկելու համար, միաժամանակ տարակուսանք հայտնելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի աջակցել նախաձեռնությանը։

