Վրաստանում չեղարկվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմաններ տանող շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների կառուցման մրցույթը։ Որոշման պատճառը, ըստ երկրի ճանապարհային վարչության, եղել է ցածր մրցակցությունը։
Մրցույթը հայտարարվել էր 2024 թվականի ամռանը և նախատեսում էր Ռուսթավի–Ծիթելի և Ալգետի–Սադախլո ճանապարհների կառուցումը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում էր կառուցել նաև 26 կամուրջ և 11 ճանապարհային հանգույց։ Աշխատանքները պետք է մեկնարկեին անցյալ տարի և տևեին մոտ 2.5 տարի։
Նախագիծը ֆինանսավորվում էր Վրաստանի պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից։ Վերջինս ծրագրի իրականացման համար տրամադրել էր 250 միլիոն եվրոյի վարկ։
Վրաստանի իշխանությունները դեռ չեն հայտնել՝ երբ և ինչ պայմաններով կվերահայտարարվի մրցույթը։

