Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված «թթվային թունավոր անձրևների» վերաբերյալ հրապարակումներին՝ Կենտրոնից հայտնել են, որ մարտի 7-8-ը տեղացած տեղումների ուսումնասիրության համաձայն՝ թթվայնության, ինչպես նաև անիոնային և կատիոնային կազմի փոփոխություններ չեն դիտվել։
Օդային հոսանքների կանխատեսում
Հաղորդագրության համաձայն՝
-
մարտի 9-11-ը Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում,
-
մարտի 12-20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։
Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։
Կենտրոնը նշում է, որ հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, իսկ նման երևույթները տարածաշրջանում խիստ հազվադեպ են։ Միաժամանակ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում օդային հոսանքները շարժվելու են արևմուտքից արևելք՝ դեպի Թուրքմենստան։
Պաշտոնական կոչ
Կառույցը ընդգծել է, որ իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում, և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հանրությունը կտեղեկացվի։
«Բնակչությանը հորդորում ենք հետևել միայն ՊՈԱԿ-ի կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Իրանում նավթապահեստավորման 30 օբյեկտի հարվածների մասին, ինչից հետո որոշ լրատվամիջոցներում տարածվել էին տեսանյութեր՝ Թեհրանում հնարավոր թթվային անձրևների վերաբերյալ։

