ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Նախարարը շնորհավորել է խորհրդի անդամներին՝ ընդգծելով, որ նրանց մասնագիտական փորձառությունը հնարավորություն կտա համատեղ քննարկումների միջոցով ձևավորել արդյունավետ լուծումներ, որոնք կնպաստեն նախարարության քաղաքականության լիարժեք իրականացմանը։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳ նախարարության ռազմավարական միջոցառումների կատարման առաջընթացը՝ անդրադառնալով նախարարության և դրա ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության արդյունքներին։
Նշվել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, որտեղ ՆԳ նախարարությունն ունի համակարգող դեր։
Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել հանցավորության դեմ պայքարին՝ փաստելով, որ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3.2%-ով։ Կարևորվել է քրեական ենթամշակույթի դեմ հանրային միասնական մերժողական վերաբերմունքի ձևավորումը։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՆԳՆ համակարգի ծառայողների հաղորդակցման հմտությունների զարգացումը, մասնագիտական վերապատրաստումները, ընտանեկան բռնության դեմ պայքարը, կոնկրետ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմները և հանրային իրազեկման միջոցառումները։

