Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում Թբիլիսիից Մոսկվա ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել։
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի գիշերը՝ Ժելեզնովոդսկի մոտ գտնվող «Կովկաս» դաշնային մայրուղու վրա։ Նախնական տվյալներով՝ Setra մակնիշի ավտոբուսը բախվել է առջևից ընթացող «ԿամԱԶ»-ին, ապա դուրս եկել ճանապարհից։
Ավտոբուսում եղել է 43 մարդ։ Վերջին տվյալներով՝ 28 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 11-ը՝ երեխաներ։ Չորս տուժած վերակենդանացման բաժանմունքում է։
Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպանատանը Վրաստանի շահերի բաժնի ներկայացուցիչը մեկնել է դեպքի վայր՝ Վրաստանի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։
Ռուսական ծառայությունների տվյալներով՝ ավտոբուսի ուղևորների գրեթե բոլորը Վրաստանի քաղաքացիներ են եղել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։


