Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկը, որը վերաբերում է մաքսատուրքի արտոնությանը ներդրումային ծրագրերի շրջանակում։
Ծրագրի համաձայն՝ այն գործարարներն ու ներդրողները, որոնք Կառավարության կողմից սահմանված գերակա ոլորտներում իրականացնում են ներդրումներ և երրորդ երկրներից՝ ոչ ԵԱՏՄ երկրներից, ներմուծում են հումք կամ սարքավորումներ, ազատվում են մաքսատուրքի վճարումից։
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ նախորդ տարվա ընթացքում ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել 67 նախաձեռնություն, ստեղծվել է 3 405 աշխատատեղ։ Նշվել է, որ արտոնությունը տրամադրվում է բոլոր ներդրողներին և գործարարներին՝ առանց բացառության, պայմանով, որ ներդրումները կատարվում են նախապես հայտարարված գերակա ոլորտներում։
Ամփոփելով նախորդ տարվա արդյունքները՝ նշվել է, որ ծրագրի միջոցով տրամադրվել է 100 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն։ Այդ գումարից 1 մլն 200 հազար դոլարը պետք է մուտք գործեր ՀՀ պետական բյուջե, իսկ 99 մլն 300 հազար դոլարը՝ ԵԱՏՄ երկրների բյուջեներ։ Կառավարության որոշմամբ ամբողջ գումարը մնացել է Հայաստանում՝ ուղղվելով ներդրումներին, աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական ակտիվության աճին։
Ծրագիրը շարունակում է գործել ներդրումային միջավայրի խթանման նպատակով։

