Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով. որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում. ԲՊՀ

Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ հայտնում է.
 
«Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում՝ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։
 
Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
 
Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։ Մեկ ուսանողի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նրանց տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։
 
Նշենք, որ համալսարանի ղեկավարությունը և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները այս պահին գտնվում են դեպքի վայրում` ուսանողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։
 
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը խորին մտահոգությամբ հետևում է իրավիճակին և կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության»։
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
 
Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։
 
Հիշեցնենք նաև, որ տուժածները տեղափոխվել են մարզային բժշկական կենտրոն։ 
 
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության:
 
Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը: