Կառավարության նիստում որոշում է ընդունվել պետական աշխատողներին լրացուցիչ վարձատրություն տրամադրելու մասին։ Այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 միլիարդ դրամ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ գնահատվել են 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքները, և արձանագրվել է, որ պետական մարմինների աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ցուցանիշներին։
«Եկել ենք եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել ամբողջությամբ կատարվածին, և այդ պատճառով որոշել ենք տրամադրել լրացուցիչ վարձատրություն»,– նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերանայվի նաև տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) լրացուցիչ վարձատրության հարցը։
«Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։ Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»,– ասել է վարչապետը։

