Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում
է, որ ապրիլի 1-ից մեկնարկում է բազմաբնակարան
շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման գործընթացը։ Վերապատրաստմանը կարող են մասնակցել ինչպես գործող
կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել կառավարչի գործունեությամբ:
Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև մարտի 13-ը Քաղաքաշինության կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեով կամ e-request.am էլեկտրոնային հարթակով։ Վերապատրաստման մեկնարկի մասին հայտարարությունը, դիմումի ձևը և դասընթացի ծրագիրը հրապարակված են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ծրագրեր» բաժնի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» ենթաբաժնում։
Վերապատրաստման ծրագրի իրականացման
հայտ է ներկայացրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Այլ վերապատրաստողների ծրագրերի առկայության դեպքում
տեղեկատվությունը կհրապարակվի կոմիտեի կայքի նշված բաժնում։ Դասընթացները լինելու են շարունակական:
Հիշեցնենք, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով և Կառավարության
որոշմամբ՝ շենքերի կառավարման գործառույթներ
իրականացնող անձանց՝ կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ՝
բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանը նպաստելու նպատակով:
Նոր կարգավորումների համաձայն՝ թե՛
դասընթացի մասնակիցների, թե՛ ինքնուրույն վերապատրաստված անձանց գիտելիքներն ստուգվելու
են թեստավորման եղանակով: Երկու տարվա ընթացքում վերապատրաստման չդիմած, ինչպես նաև մի
քանի թեստավորումների արդյունքում բավարար միավորներ
չստացած կառավարիչների տվյալները տրամադրվելու են համայնքներին՝ վերջիններիս
նախաձեռնությամբ կառավարման մարմնի լիազորությունները դադարեցնելու հարցով սեփականատերերի
ժողով հրավիրելու նպատակով:

