Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքները՝ ուղղված ստվերային տնտեսության նվազեցմանը և հարկային կարգապահության բարձրացմանը։
Ինչու է դա կարևոր. Հրապարակված տվյալները ցույց են տալիս հսկողության ուղղությունների լայն շրջանակ՝ չձևակերպված մատակարարումներից ու ապօրինի գործունեությունից մինչև ԵԱՏՄ ներմուծման ինվոյսների ճշգրտում և հարկային հաշվարկների վերանայում, ինչի արդյունքում արձանագրվել են հարյուրավոր միլիոնների հասնող լրացուցիչ հարկային պարտավորություններ և հնարավոր տուգանքներ։
Հոկտեմբերի արդյունքների առանցքային մանրամասները.
Չձևակերպված մատակարարումներ և ապօրինի գործունեություն.
45 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման 10.3 մլն դրամի խախտում (հնարավոր տուգանքը՝ 54.2 մլն դրամ)։
35 դեպքով կազմվել են ապօրինի գործունեության արձանագրություններ. ապօրինի ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 565 մլն դրամ, իսկ հնարավոր տուգանքը՝ 286.8 մլն դրամ։
13 դեպքով արձանագրվել են առանց լիցենզիայի, ծանուցման կամ թույլտվության գործունեության կամ ընդերքի ու բնական պաշարների օգտագործման խախտումներ՝ 132.7 մլն դրամի չափով։
1 դեպքով արձանագրվել է արգելված գործունեության փաստ (հնարավոր տուգանքը՝ 20 մլն դրամ)։
Հարկային հաշվարկների և ԵԱՏՄ ներմուծման հայտարարագրերի ճշգրտում.
35 հարկ վճարող ներկայացրել է ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի և ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ. իրացման շրջանառությունը բարձրացվել է 2.8 մլրդ դրամով, իսկ հաշվարկված հարկի գումարը կազմել է 916.6 մլն դրամ։
ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսների գների արժանահավատության ճշտման արդյունքում 843 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր. ինվոյսային արժեքը բարձրացվել է 1.2 մլրդ դրամով, հաշվարկվել է 239.7 մլն դրամ հարկ։
Շահութահարկի ճշգրտումներ.
6 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճշգրտված հաշվարկներ. 5 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 454.3 մլն դրամով (հաշվարկվել է 90.9 մլն դրամ շահութահարկ), իսկ 1 դեպքով վնասը նվազեցվել է 305.8 մլն դրամով։


