Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Հանրապետության մարզերում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթացը՝ նվիրված Երկրի օրվան։
Ծրագրի նպատակն է նպաստել բնապահպանական մշակույթի զարգացմանը և կանաչ տարածքների ընդլայնմանը։
Նշվում է, որ տնկիներ կտրամադրվեն այն համայնքներին, որոնք ունեն համապատասխան տարածքներ, ոռոգման հնարավորություն և պատրաստ են ապահովել ծառերի խնամքն ու պահպանումը։
Այս տարի նախատեսվում է տնկել հիմնականում հացենի, սոճի և ուռենի տեսակի ծառեր։ Ընդհանուր առմամբ կբաշխվի շուրջ 25 հազար տնկի՝ Վանաձորի, Տաշիրի և Հրազդանի անտառտնտեսություններից։
Ծառատնկման աշխատանքները և դրանց հետագա խնամքը գտնվելու են մասնագետների վերահսկողության ներքո, իսկ անհրաժեշտության դեպքում աշնանը կկատարվեն լրացումներ։
Նախարարությունից հիշեցնում են, որ յուրաքանչյուր տնկված ծառ կարևոր ներդրում է շրջակա միջավայրի պահպանության գործում։

