ABNews

Սոցիալապես անապահով քաղաքացիներին կարգելվի խաղալ առցանց կազինոներում

Լուրեր | 2026/06/17 15:50

Սոցիալապես անապահով քաղաքացիներին կարգելվի խաղալ առցանց կազինոներում

Այսօր՝ հունիսի 17-ին, Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական լրամշակումների մեծ փաթեթ, որով արմատապես սահմանափակվում է սոցիալապես անապահով և խոցելի խմբերի մուտքը առցանց կազինոներ և բուքմեյքերական հարթակներ:

Այս աղմկահարույց նախաձեռնության հեղինակը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

Ո՞ւմ համար է փակվում առցանց կազինոների մուտքը

Նոր օրենքով սահմանվում է քաղաքացիների հստակ ցանկ, որոնց մուտքը խաղային հարթակներ այսուհետ օրենքով արգելված է։ Դրանք են՝

  • Պետական սուբսիդավորում ստացողները (հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձից օգտվողներ, ուսման վարձի, գյուղատնտեսական վարկերի և այլ ծրագրերի շահառուներ)։

  • Սոցիալական նպաստառուները (ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող անձինք)։

  • Կենսաթոշակառուները, որոնք ապրում են բացառապես թոշակի հույսին։

  • Սնանկության գործընթացում գտնվող ֆիզիկական անձինք։

  • Վարկային մեծ բեռ ունեցողները (այն անձինք, որոնք իրենց տարեկան եկամտի ավելի քան 40%-ն ուղղում են վարկերի մարմանը)։

Իսկ այն քաղաքացիների համար, ում արգելված չէ խաղալ, նույնպես ներդրվում է կոշտ ֆինանսական սահմանափակում. խաղադրույքների վրա կատարվող տարեկան ծախսերը չպետք է գերազանցեն նրանց տարեկան լեգալ եկամտի 20%-ը։

«Մեկ հպումով» տոտալ ինքնարգելափակում և արտասահմանյան կայքերի բլոկադա

Օրենքի մյուս հեղափոխական դրույթը վերաբերում է տեխնիկական կարգավորումներին: Հայաստանում գործող բոլոր առցանց խաղային հարթակները (թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա) պարտավոր են իրենց կայքէջերի տեսանելի վայրում տեղադրել ինքնարգելափակման կոճակ։

Խաղամոլությամբ (լուդոմանիա) տառապող քաղաքացին, սեղմելով այդ կոճակը, մեկ հպումով կարգելափակի իր հաշիվը ոչ միայն տվյալ կայքում, այլև հանրապետությունում գործող բոլոր մյուս լիցենզավորված հարթակներում: Այն օտարերկրյա կայքերը, որոնք կմերժեն ներդնել այս համակարգը և չեն ենթարկվի ՀՀ օրենսդրությանը, Հայաստանի տարածքում պարզապես տոտալ կարգելափակվեն (IP բլոկադա):

Ահռելի թվեր. 7,4 տրիլիոն դրամի խաղադրույք

Ըստ պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած պաշտոնական հիմնավորման՝ 2017-2025 թվականներին Հայաստանի բնակիչների կողմից առցանց կազինոներում կատարված խաղադրույքների ծավալն աճել է ավելի քան 35 անգամ՝ հասնելով 7,41 տրիլիոն դրամի (մոտ 20 միլիարդ դոլար):

Հեղինակը պարզաբանում է, որ խաղադրույքների ընդհանուր ծավալը մի քանի անգամ գերազանցում է իրականում գրպանից ներդրված (դեպոզիտ արված) գումարի չափը, քանի որ նույն գումարով հնարավոր է բազմիցս խաղադրույք կատարել: Սակայն, նույնիսկ ամենալավատեսական հաշվարկով (եթե իրական փողի և խաղադրույքի հարաբերակցությունը 1-ը 10-ի է), ՀՀ քաղաքացիները համակարգ են ներարկել նվազագույնը 2 միլիարդ դոլարի իրական փող:

Այս ամենի ֆոնին, խաղային բիզնեսով զբաղվող հսկա ընկերությունների վճարած հարկերը կազմում են Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր եկամուտների ընդամենը 1%-ը։ Օրենսդիրների կարծիքով՝ սա ապացուցում է, որ ոլորտից ստացվող տնտեսական օգուտը չնչին է՝ քաղաքացիների հասցվող հսկայական սոցիալական և ֆինանսական վնասների համեմատ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը