Սլովենիայի կառավարությունը պատրաստում է օրինագիծ, որով նախատեսվում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սահմանափակել սոցիալական ցանցերի հասանելիությունը։ Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Մատեյ Արկոնը, տեղեկացնում է Reuters-ը։
Փոխվարչապետի խոսքով՝ նախաձեռնությունը ներկայացվել է կրթության նախարարության կողմից՝ հիմնվելով այլ երկրների փորձի վրա։ Օրենքի մշակման գործընթացում ներգրավվելու են նաև կրթության և թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ՝ նպատակ ունենալով ապահովել երեխաների և դեռահասների պաշտպանությունը թվային միջավայրում։
Մատեյ Արկոնը նշել է, որ վերջին շաբաթներին և ամիսներին սոցիալական ցանցերի ազդեցության թեման ակտիվորեն քննարկվում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը արտացոլում է կառավարության մոտեցումը երեխաների անվտանգության հարցում։
Կառավարության ներկայացուցիչը ընդգծել է, որ քննարկվող կարգավորումները վերաբերում են հիմնականում այն հարթակներին, ինչպիսիք են TikTok-ը, Snapchat-ը և Instagram-ը։
Reuters-ի փոխանցմամբ՝ շուրջ 2 միլիոն բնակչություն ունեցող Սլովենիան այս նախաձեռնությամբ հետևում է մի շարք եվրոպական երկրների օրինակին։ Մասնավորապես, Իսպանիայում քննարկվում է սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը 16 տարեկանից փոքր երեխաների համար, իսկ Հունաստանը նախատեսում է նման սահմանափակում սահմանել մինչև 15 տարեկանների համար։
Նույն աղբյուրի համաձայն՝ սոցիալական ցանցերի նկատմամբ հնարավոր սահմանափակումների խստացումը դիտարկվում է նաև Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։

