Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն է կազմակերպվել. ահազանգն ընթացք կստանա. ՇՄՆ

Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։
 
Շրջակա միջավայրի նախարարությունից հիշեցնում են, որ Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։
 
«Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․
ըստ որոնց՝
 
Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,
 
Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
 
Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։
 
Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։
 
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել շրջակա միջավայրի պահպանության սահմանված օրենսդրական պահանջները և զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել մեր երկրի բնական ժառանգությանը»,- ասվում է նախարարության պարզաբանման մեջ։