Յոթ հայ գերիների հարցով դիմում է ներկայացվել ՄԱԿ-ին՝ պահանջելով նրանց ազատ արձակումը
Լուրեր |
Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին:
Ադրբեջանում բանտարկված յոթ հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: 2026 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացված դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ: Այս մասին հայտնում են «Արցախի միություն»-ից:
«Յոթ պատանդները
Պատանդները՝ Դավիթ Բաբայանը, Մադաթ Բաբայանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Իշխանյանը և Լևոն Մնացականյանը, Հայաստանի քաղաքացիներ են, որոնք գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես հետո: Նրանց թվում են Արցախի նախկին քաղաքական առաջնորդներ, զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ:
Նրանցից երեքը՝ Դավիթ Իշխանյանը (Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ), Դավիթ Բաբայանը (արտաքին գործերի նախկին նախարար) և Լևոն Մնացականյանը (Պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար), 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մնացած չորսը ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկում: Այսօրվա դրությամբ այս անձինք Բաքվի բանտում են գտնվում արդեն 934-ից 948 օր:
Թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին և Աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար:
Հայցի հիմնավորումները
Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված անկախ իրավական փորձագետների մարմին է, որը հետաքննում է ազատությունից կամայական զրկելու դեպքերն ամբողջ աշխարհում: Դիմումը ներկայացվել է, քանի որ գերիների ընտանիքները և իրավաբանական թիմերը Ադրբեջանի ներսում նրանց անօրինական դատավճիռները բողոքարկելու իրատեսական միջոց չունեն: Դիմումատուները պնդում են, որ բոլոր յոթ անձանց ազատությունից զրկելը կամայական է՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա.
Իրավական վավեր հիմքի բացակայություն. Պատանդները գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ, որը համապատասխանում է Ժնևի կոնվենցիաներով սահմանված միջազգային զինված հակամարտության սահմանմանը: Որպես կոմբատանտներ (մարտիկներ)՝ նրանք պետք է ճանաչվեին ռազմագերիներ և օգտվեին Ժնևի երրորդ կոնվենցիայով նախատեսված պաշտպանությունից ու հայրենադարձման իրավունքից: Փոխարենը Ադրբեջանը նրանց նկատմամբ շինծու քրեական հետապնդում է իրականացրել սովորական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության, զենքի ապօրինի պահման և ցեղասպանության մեղադրանքներով: Այս մեղադրանքները չեն կարող օրինականորեն ներկայացվել այն մարտիկներին, որոնք գործել են պատերազմի օրենքների շրջանակում:
Քաղաքական համոզմունքների քրեականացում. Դավիթ Բաբայանը և Դավիթ Իշխանյանը տասնամյակներ շարունակ խաղաղ կերպով պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը: Նրանց ձերբակալությունից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ Արցախի ղեկավարությանը անվանել էր «հանցագործներ»: Դիմումատուները պնդում են, որ նրանց ազատությունից զրկելը նպատակ ունի լռեցնել քաղաքական այլախոհությունը, ինչը միջազգային իրավունքով երաշխավորված արտահայտվելու, կարծիքի և միավորումների ազատության իրավունքների ուղղակի խախտում է:
Հիմնավորապես անարդար դատավարություններ. Պատանդները դատվել են հավաքական կերպով՝ ութ այլ հայ ամբաստանյալների հետ միասին, դռնփակ զինվորական գործընթացների շրջանակում և առանց իրենց ընտրած փաստաբանների հասանելիության: Յոթից հինգը հրաժարվել են հաստատել նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել արտաքին դիտորդների մոտ՝ հնարավոր հարկադրանքի և խոշտանգումների կիրառման վերաբերյալ: Ավելին, դատավճիռները դեռևս պաշտոնապես չեն փոխանցվել դատապարտվածներին, ինչը փաստացի զրկում է նրանց բողոքարկման հնարավորությունից:
Մարդասիրական հասանելիության մերժում. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այցելում էր Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին, երկրից արտաքսվել է 2025 թվականի սեպտեմբերին: Սա վերացրել է ազատազրկվածների նկատմամբ վերջին անկախ վերահսկողական մեխանիզմը:
Վարձկանության անօրինական մեղադրանքներ. Հայցում նշված յոթ գերիներից վեցին մեղադրանք է առաջադրվել վարձկանության համար: Դիմումատուները պնդում են, որ այս մեղադրանքը իրավաբանորեն անհնար է հիմնավորել. թե՛ միջազգային իրավունքով, թե՛ Ադրբեջանի քրեական օրենսգրքով անձը չի կարող համարվել վարձկան, եթե հանդիսանում է հակամարտող կողմի քաղաքացի կամ մշտական բնակիչ: Բոլոր յոթ անձինք հայ ազգի ներկայացուցիչներ են, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում:
Էթնիկ պատկանելության և քաղաքական հայացքների վրա հիմնված խտրականություն. ՄԱԿ-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և բազմաթիվ միջազգային կառույցներ արձանագրել են Ադրբեջանում հակահայկական խտրականության համակարգային բնույթը, այդ թվում՝ արդարադատության համակարգում: Դիմումատուները պնդում են, որ այս անձանց հետապնդումը արտացոլում է այդ խտրական մոդելը, և նրանք չէին թիրախավորվի կամ պահվի կալանքի տակ, եթե չլիներ նրանց հայկական ինքնությունը և կապը Արցախի կառավարման մարմինների հետ:
Դիմումը ներկայացվել է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մի շարք բանաձևերի (1997/50, 2000/36, 2003/31, 6/4, 15/18, 20/16, 24/7, 33/30, 42/22 և 51/8):
Ընդհանուր համատեքստը
Այս յոթ անձինք այն 19 հայ գերիների թվում են, որոնք ներկայումս պահվում են Ադրբեջանում 2020 և 2023 թվականների հակամարտություններից հետո: Նրանց ծանր վիճակի մասին բազմիցս բարձրաձայնվել է ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Amnesty International-ի և այլ խոշոր միջազգային կառույցների կողմից, որոնք բոլորը կոչ են արել ազատ արձակել նրանց և խորը մտահոգություն են հայտնել պահման պայմանների վերաբերյալ:
2025 թվականի մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ «բոլոր նրանք, ովքեր Ադրբեջանում կամայականորեն զրկված են ազատությունից, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ արդար դատաքննության իրավունքները պետք է լիարժեքորեն հարգվեն»: Եվրոպական խորհրդարանը 2021 թվականից ի վեր այս հարցով ընդունել է վեց բանաձև, վերջինը՝ 2025 թվականի մարտին: Բացի այդ, Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է մի քանի որոշում, որոնք պահանջում են Ադրբեջանից պաշտպանել հայ ազատազրկված անձանց վնասից և ապահովել նրանց հավասարությունը օրենքի առաջ. որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարել:
Ի՞նչ են պահանջում դիմումատուները
Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից.
Տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական:
Կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել և պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար:
Պահանջել հնարավորություն Աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար՝ այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը:
Դիմումատուների մասին
Դիմումը, գերիների ընտանիքների լիազորմամբ, համատեղ ներկայացվել է հետևյալ անձանց կողմից.
Սիրանուշ Սահակյան – Փաստաբան (Երևան, Հայաստան)
Արտակ Բեգլարյան – Արցախ Միության նախագահ (Երևան, Հայաստան)
Այտոր Մարտինես Խիմենես – Փաստաբան (Մադրիդ, Իսպանիա)
Մեգան Շուրո-Լիոն – Փաստաբան (Փարիզ, Ֆրանսիա)
Իրեն Մասիմինո – Փաստաբան (Բուենոս Այրես, Արգենտինա)»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱԶԲ-ն Հայաստանում նոր տնօրեն ունի
2026/04/29/ 13:01 -
Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին
2026/04/29/ 12:59 -
ԵՄ-ի հանածո վառելիքի ծախսերն աճել են 27 մլրդ եվրոյով՝ Իրանի հակամարտության ֆոնին
2026/04/29/ 12:57 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/29/ 12:55 -
Յոթ հայ գերիների հարցով դիմում է ներկայացվել ՄԱԿ-ին՝ պահանջելով նրանց ազատ արձակումը
2026/04/29/ 12:52 -
ԱՄՆ-Իրան լարվածության շուրջ բուքմեյքերները ընդունել են ավելի քան 2 մլրդ դոլարի խաղադրույք
2026/04/29/ 12:50 -
Դատախազությունը 2025-ին պետությանը վերադարձրել է շուրջ 66.9 մլրդ դրամի գույք
2026/04/29/ 12:12 -
Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը․ ԱԳՆ
2026/04/29/ 12:10 -
ԵՄ-ն հարկային փոփոխություններ է պահանջում Ուկրաինայից՝ ֆինանսավորման դիմաց
2026/04/29/ 12:07 -
MORUQ ECO SOLUTIONS
2026/04/29/ 12:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․