1. Սուրեն Պապիկյանը ստուգայց է իրականացրել կապի զորքերի ուսումնական կենտրոնում
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել զորամաս կատարած ստուգայցից:
Նպատակը. Նախարարը նշել է, որ աշխատանքներն ուղղված են զինվորի առօրյան ավելի բովանդակալից, նպատակային և արդյունավետ դարձնելուն:
2. «Հայաստան» խմբակցությունը՝ աշխարհաքաղաքական ռիսկերի և Ռոբերտ Քոչարյանի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը հայտարարել է, որ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական նոր բախման թատերաբեմում, իսկ տնտեսական խնդիրներն առաջիկայում նոր սրացումներ են ունենալու:
Մանրամասներ. Ընդդիմադիր թիմը նշում է, որ սրվում են հայ-ռուսական հարաբերությունները, իսկ Ադրբեջանի պահանջով օրակարգ են բերվում նոր Սահմանադրության ընդունման և տարածքային զիջումների հարցերը: Խամոյանն այս իրավիճակի հետ է կապել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:
3. Մեկնարկել է Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանը
Երևանի ավագանու նոր նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց:
Քննարկումներ. Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը՝ բյուջետային ծախսերին վերաբերող հարցերը դարձնել զեկուցվող, մերժվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից: Փոխարենը զեկուցվող է դարձվել «Երևան տրանս» ՓԲԸ-ի լուծարման հարցը, ինչը, քաղաքապետի փոխանցմամբ, հնարավորություն է տվել ներկայացնելու հանրային տրանսպորտի համակարգի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
4. Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը X-ի իր էջում հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում էական առաջընթացի մասին:
Այցելություններ. Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նախորդ երկու օրերին այցելել էին Մոսկվա և Կիև: Նա նշել է, որ առաջխաղացում է գրանցվել նաև հավելյալ եռակողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ:
5. Ռուսաստանում ստեղծվում է արտերկրում գտնվող դատապարտյալների նկատմամբ հանձնաժողով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը հետևելու է արտերկրում ապրող և Ռուսաստանում հեռակա կարգով վարչական կամ քրեական պատժի դատապարտված քաղաքացիների նկատմամբ սահմանափակումների կիրառմանը:
Մանրամասներ. Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՌԴ արդարադատության նախարարը: Սոցցանցերում այս նախագիծն արդեն անվանել են «օրենք քաղաքացիական մահվան մասին»:
6. Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները հասել են 15.3 մլրդ դոլարի
Ադրբեջանի ԿԲ-ն հայտնել է, որ օգոստոսին իր իրականացրած 1.5 միլիարդ դոլարի ինտերվենցիայի (արտարժույթի գնման) արդյունքում բանկի պահուստները հասել են պատմական առավելագույնին՝ 15.3 միլիարդ դոլարի: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին պահուստներն աճել են 33%-ով (3.8 մլրդ դոլարով):
7. Հզոր անտառային հրդեհներ Թուրքիայի Անթալիա նահանգում
Թուրքիայի Անթալիա նահանգում արդեն երկրորդ օրն է, ինչ մոլեգնում են անտառային հրդեհները:
Իրավիճակը. Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է բնակավայրերով, կան վնասված տներ, իսկ տեղի բնակիչներին տարհանում են:


