Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։
Նա ընդգծել է նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման համար։
Վարչապետի խոսքով՝ 2017 թվականի համեմատ գիտության ֆինանսավորումը 2025 թվականին աճել է շուրջ 2,8 անգամ, իսկ ոլորտում աշխատավարձերը՝ մինչև 300 տոկոս։
Փաշինյանը նշել է, որ «Կառավարությունը աջակցում է գիտությանը» ձևակերպումը ճիշտ չէ․
«Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է»,– ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ պետության զարգացումն անհնար է առանց գիտության և կրթության զարգացման, իսկ գիտությունը պետք է դիտարկել նաև որպես տնտեսության կարևոր հատված։
Վարչապետը կարևորել է գիտական համայնքի ակտիվ ներգրավվածությունը պետական քաղաքականությունների մշակման գործընթացում։
Նա նաև նշել է, որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների միջև կապերի ամրապնդում և միասնական նպատակների ձևավորում։
Ամփոփելով՝ Փաշինյանը շեշտել է, որ պետությունն ու քաղաքացին պետք է փոխադարձ վստահություն և աջակցություն ունենան, այդ թվում՝ գիտությամբ զբաղվողների նկատմամբ։

