«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում առաջ է անցել «Տիտանիկ»-ից՝ այդ ցուցանիշով մտնելով կինեմատոգրաֆիայի պատմության ամենաշատ եկամուտ ապահոված հինգ ֆիլմերի շարքը:
IMDb-ի տվյալներով՝ «Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է շուրջ 2.333 մլրդ դոլար՝ գերազանցելով Ջեյմս Քեմերոնի 1997 թվականի «Տիտանիկ» կուլտային ֆիլմի արդյունքը։ Վերջինս կինոթատրոններում ցուցադրության ընթացքում ամբողջ աշխարհում հավաքել է մոտ 2.265 մլրդ դոլար։
Ներկայում Դեստին Դենիել Քրետոնի ֆիլմը կինեմատոգրաֆիայի պատմության ամենաշատ եկամուտ ապահոված ֆիլմերի ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Վարկանիշի հինգերորդ հորիզոնականում 2025 թվականի չինական անիմացիոն ֆիլմն է՝ «Նեժա. Հաղթանակ Վիշապների թագավորի նկատմամբ», որը համարվում է Հոլիվուդից դուրս արտադրված պատմության ամենաշատ եկամուտ ապահոված ֆիլմը։
«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հայտնվել է հուլիսի 31-ին։ Փիթեր Փարքերի գլխավոր դերը կատարել է Թոմ Հոլանդը։ Ավելի վաղ Variety-ն գրել էր, որ նոր մարտաֆիլմն իր առաջին հանգստյան օրերին ամբողջ աշխարհում հավաքել է 927 մլն դոլար՝ դառնալով համաշխարհային կինոարդյունաբերության պատմության երկրորդ ամենախոշոր մեկնարկը՝ «Վրիժառուներ. Վերջնախաղ»-ից հետո։


