Ռուսաստանը խստացնում է Հայաստանից ներմուծվող ծաղիկների վերահսկողությունը. ինչ պայմաններ են փոխվել

Նոր պահանջները ներառում են նաև արտադրության վայրերի պարտադիր ատեստավորում։

Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայտարարել է Հայաստանից ներմուծվող կարանտինային արտադրանքի վերահսկողության որակի վերաբերյալ մտահոգությունների մասին։

Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտի խոսքով՝ Հայաստանի կողմից իրականացվող ֆիտոսանիտարական հսկողությունը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պահանջներին։

Նրա տվյալներով՝ վերջին երեք տարիներին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների ծավալը աճել է մոտ երեք անգամ՝ 36 միլիոնից անցնելով 100 միլիոնի։ Ըստ ռուսական կողմի՝ նման աճը գնահատվում է որպես ոչ համաչափ և հիմք է տալիս ենթադրելու, որ մատակարարվող արտադրանքի մի մասը կարող է չունենալ հայկական ծագում։

Դանկվերտը նշել է, որ ստուգումների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բեռնագրերը եղել են եվրոպական ծագման, ինչը նույնպես բարձրացնում է ապրանքի ծագման վերաբերյալ հարցեր։

Ստեղծված իրավիճակի պայմաններում ռուսական կողմը հայտարարել է վերահսկողության խստացման մասին։ Ֆիտոսանիտարական հսկողությունը տեղափոխվել է սահմանային գոտի, իսկ 2025 թվականի հուլիսից ուժեղացված վերահսկողություն է սահմանվել ծաղիկների ներմուծման նկատմամբ։

Նոր պահանջները ներառում են նաև արտադրության վայրերի պարտադիր ատեստավորում՝ կարանտինային ռիսկերի նվազեցման նպատակով։

Տվյալ հայտարարությունները ներկայացնում են ռուսական կողմի գնահատականը և կարող են ազդել Հայաստանից ծաղիկների արտահանման գործընթացի և մուտքի պայմանների վրա ռուսական շուկա։