Փետրվարի 5-ին Շրջակա միջավայրի
նախարարությունում
կնքվել
է
քառակողմ
հուշագիր՝
Շրջակա
միջավայրի
նախարարության,
Տարածքային
կառավարման
և
ենթակառուցվածքների
նախարարության,
Ճապոնական
«KOMAIHALTEC» ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։
Ծրագրի
շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն աշխատելու է ճապոնական
Komaihaltec Inc. ընկերության հետ՝ ընկերության տարածքում ԶՊՄԿ-ի ներքին կարիքների
համար հողմային էներգիայով աշխատող փակ հիբրիդային էներգահամակարգի ստեղծման
հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ։
Նախաձեռնության
նպատակն է ապահովել վերականգնվող էներգիայի արտադրություն և օգտագործում ԶՊՄԿ-ի
գործունեության տարբեր ուղղություններում՝ նպաստելով ջերմոցային գազերի
արտանետումների կրճատմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը։
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ողջունել է կողմերին և կարևորել համագործակցության հուշագրի ստորագրումը, որը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և կլիմայական քաղաքականության առաջնահերթություններին։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը
խոսել է այն մասին, որ ԶՊՄԿ-ն արդեն տևական ժամանակ է վերականգնվող էներգետիկ ծրագրերը
դրել է ընկերության զարգացման և արդիականացման առանցքում․ «Արդեն այսօր ԶՊՄԿ հարակից մի քանի համայնքներում ընկերության
ջանքերով տեղադրվել են արևային կայաններ՝ համայնքների էներգետիկ կարիքների համար։ Ընկերությունը
ծրագրում է նաև սեփական կարիքների համար արևային կայանի ծրագրի իրականացումը։ Հայաստանի
ներուժը վերականգնվող էներգիայի ոլորտում, ինչպես և հանքարդյունաբերության ոլորտում
հսկայական է։ ՀՀ կառավարության, ճապոնական Komaihaltec ընկերության և ԶՊՄԿ համատեղ
ծրագիրը ընդգծում է այս ոլորտի առաջնահերթությունը Հայաստանի կառավարության համար և
հատուկ կարևորությունը բիզնեսի համար։ Միջազգային համագործակցությունը նոր հնարավորություններ
ու հորիզոններ է բացում Հայաստանի համար էներգետիկ անկախության և բնապահպանական կայունության
ուղղությամբ»:
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մինչև 2050 թվականը ցածր ածխածնային զարգացման ռազմավարություն, և այս նախագիծը կարող է դառնալ արդյունաբերական զարգացման և կլիմայական պատասխանատվության հաջող համադրության օրինակ։
Կողմերը լիահույս են, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և կծառայի միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

