Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել օտարերկրյա քաղաքացիների մուտքի և կեցության կանոնների նոր խստացումները: Այսուհետ ոչ աշխատանքային նպատակներով (օրինակ՝ կրթության կամ մասնավոր այցելությունների համար) ՌԴ մեկնող և այնտեղ ավելի քան 90 օր գտնվել նախատեսող օտարերկրացիները պարտավոր են անցնել պարտադիր բուժզննում երկիր մուտք գործելու պահից 30 օրվա ընթացքում: Հարկ է նշել, որ նախկինում այս ընթացակարգի համար հատկացվում էր 90 օր:
Ի՞նչ է ներառում բուժզննումը
Պարտադիր բժշկական հետազոտության շրջանակներում ստուգվելու են հետևյալ գործոնները.
ՄԻԱՎ վարակի առկայությունը,
Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունները,
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման փաստը:
Թվայնացում և վերահսկողություն
Փորձագետների փոխանցմամբ՝ ներդրված նոր թվայնացված համակարգը թույլ է տալիս իրական ժամանակում ստուգել ներկայացված փաստաթղթերի իսկությունը և վայրկենապես բացահայտել կեղծ տեղեկանքները:
Օրենքի խախտման կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում օտարերկրացին կարող է ներառվել «վերահսկվող անձանց ռեեստրում», ինչը ենթադրում է կեցության իրավունքի զրկում և հետագա արտաքսում երկրից:


