ՌԴ գիտնականները ծերացումը դանդաղեցնող միջոց են փնտրում՝ կյանքը մինչև 150 տարի երկարացնելու մասին Պուտինի խոստումից հետո
Լուրեր |
Մշակում են «կենսաբանական տարիքի ժամացույցներ»։
Ռուս գիտնականները սկսել են ուղիներ փնտրել ծերացումը դանդաղեցնելու, ինչպես նաև մարդու և նրա ներքին օրգանների կենսաբանական տարիքը չափելու համար, ՌԲԿ-ին հայտնել են երեք խոշոր գիտական կենտրոնների ներկայացուցիչները։ Այսպես, Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանում (ՌԱՀԲՀ) ուսումնասիրում են ուղեղի ծերացման և դրա ճանաչողական գործառույթների վատթարացման գործընթացները։ Գիտնականները զբաղվում են նաև տարիքի պատճառով մկանային զանգվածի և ուժի նվազման հարցով։ Ինստիտուտում արդեն մշակել են հատուկ մոլեկուլներ, որոնք ոչնչացնում են «ծերացման բջիջները», այսինքն՝ այն բջիջները, որոնք ժամանակի ընթացքում դադարել են բազմանալ օրգանիզմում։ Այսպիսով, մոլեկուլները դանդաղեցնում են ծերացումը, պնդում են ՌԱՀԲՀ-ում։
Ակադեմիկոս Պետրովսկու անվան վիրաբուժության ռուսաստանյան գիտական կենտրոնում մշակում են «կենսաբանական տարիքի ժամացույցներ»։ «Հասկանալու համար, թե որ ցուցանիշներն են լավագույնս արտացոլում իրական ծերացումը, ինստիտուտը մասնակցել է լայնածավալ հետազոտության՝ աշխարհի 60 փորձագետների ներգրավմամբ։ Արդյունքում առանձնացվել է ծերացման 14 առանցքային մարկեր։ Դրանց թվում են մկանների ուժը, քայլելու արագությունը, արյան մեջ բորբոքային ցուցանիշները և նույնիսկ ԴՆԹ-ի փոփոխությունները»,- ասում է Ծերացման կենսաբանության և առողջ երկարակեցության բժշկության ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մոսկալյովը։ Բացի այդ, կենտրոնում փնտրում և փորձարկում են գերոպրոտեկտորներ՝ նյութեր, որոնք ազդում են հենց ծերացման մեխանիզմների վրա։ Փորձերից մեկի շրջանակում տնային կատուներին սննդի հետ տվել են կանաչ թեյի, խաղողի կորիզների, կուրկումինի և թուրինջի էքստրակտներ։ Արդյունքում կենդանիների արյան մեջ կրեատինինի մակարդակը նվազել է 15%-ով, նվազել են բորբոքային մարկերները և բջջային ծերացման գեների ակտիվությունը, ինչպես նաև ակտիվացել են երկարակեցության սպիտակուցները, պատմել է Մոսկալյովը
Ա.Ն. Բելոզերսկու անվան ՄՊՀ ֆիզիկաքիմիական կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում, իր հերթին, զբաղվում են աուտոֆագիայի՝ բջիջների ինքնամաքրման և վերականգնման մեխանիզմի ուսումնասիրությամբ։ Տարիքի հետ այս գործընթացը «մարում է», ինչը բջջային ծերացման պատճառներից մեկն է, պարզաբանել է ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Եկատերինա Գուսևան։ Ըստ նրա՝ կան մի քանի ակտիվ մոլեկուլներ, որոնք երկարացնում են նեմատոդ որդերի կյանքը 30%-ով։ Այժմ համալսարանում հետազոտում են դրանց արդյունավետությունը մկների վրա, իսկ հաջորդ տարի պլանավորում են նախակլինիկական հետազոտություններ կատարել առնետների և ծովախոզուկների վրա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում կյանքի միջին տևողությունը կարելի է հասցնել մինչև 150 տարվա։ «Բայց դա էլ միշտ քիչ կլինի, ինչպես փողը»,- ընդգծել է նա։ Առայժմ, ըստ նրա, իշխանությունները ձգտում են ցուցանիշն ավելացնել մինչև մոտ 80 տարի կանանց համար և «մի փոքր ավելի ցածր»՝ տղամարդկանց համար։ Ըստ Ռոսստատի տվյալների՝ 2024 թվականին կյանքի միջին տևողությունը կրճատվել է գրեթե յոթ ամսով՝ հասնելով 72,84 տարվա։ Նման կտրուկ անկում չէր արձանագրվել համավարակից ի վեր, իսկ եթե այն հանվի հաշվարկներից, ապա 2000 թվականից ի վեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56 -
Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը
2026/04/23/ 16:53 -
Ռուսաստանում աճել է միլիարդատերերի թիվն ու կարողությունը՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին․ ովքեր են առաջատարները
2026/04/23/ 16:22 -
«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման շեմը կիջեցվի
2026/04/23/ 16:20 -
2027-ից կգործեն օդի որակի գնահատման նոր չափանիշներ և մոնիթորինգի համակարգ
2026/04/23/ 16:15 -
Մայքլ Ջեքսոնի պաշտամունքային ձեռնոցը աճուրդի է հանվել․ հայտնի է նախնական գինը
2026/04/23/ 15:51 -
«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը վերսկսվել է Սլովակիա
2026/04/23/ 15:48 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում ապրիլի 24-ին
2026/04/23/ 15:29 -
Ինչ է սպասվում Կասկադին․ միլիարդների ներդրումներ․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/04/23/ 15:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․