ՌԴ հին նմուշի արտասահմանյան անձնագրերում երեխաների վերաբերյալ գրառումները կչեղարկվեն

ՌԴ հին նմուշի արտասահմանյան անձնագրերում երեխաների վերաբերյալ գրառումները կչեղարկվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով չեղարկվում է հին նմուշի արտասահմանյան անձնագրերում երեխաների վերաբերյալ գրառում կատարելը։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Ինչպես հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով բացառվում է նաև արտասահմանյան անձնագրում փոփոխություններ կատարելու համար սահմանված 500 ռուբլի պետական տուրքի դրույթը։

Ներկայումս ծնողի անձնագրում կատարված գրառումը երեխային արտերկիր մեկնելու իրավունք չի տալիս առանց սեփական անձը հաստատող փաստաթղթի, եթե դա սահմանված չէ միջազգային պայմանագրերով։ Պատժամիջոցների պայմաններում որոշ երկրներ (օրինակ՝ Կիպրոսը և Լիտվան) սկսել են մերժել մուտքն իրենց տարածք՝ երեխաների սեփական անձնագրերի բացակայության պատճառով, նույնիսկ եթե ծնողների փաստաթղթերում առկա են համապատասխան գրառումներ։ Այդ պատճառով նման գրառումների իմաստն այլևս վերացել է, նշվում է բացատրական գրության մեջ։

Երեխաների համար արտասահմանյան անձնագրերը ձևակերպվում են 5-10 տարի ժամկետով, իսկ պետական տուրքը կազմում է 1-3 հազար ռուբլի։ Նոր սերնդի անձնագրերում երեխաների տվյալներն առայժմ չեն ներառվում։