ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ որևէ հարցով չի գնա բախման։
Ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ առաջացած խնդիրները լուծվելու են բանակցությունների միջոցով։
«Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու, բոլոր խնդիրները փորձելու ենք լուծելով առաջ գնալ», — ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ նման խնդիրներ տարբեր երկրների միջև միշտ էլ լինում են և ժամանակ առ ժամանակ սրվում կամ մեղմանում են։
Սիմոնյանը անդրադարձել է նաև տեղեկություններին, թե հայկական որոշ արտադրողներ խնդիրներ ունեն ռուսական շուկայում։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի ներկայացնում և չի պատրաստվում ներկայացնել որևէ սպառնալիք Ռուսաստանին։
ԱԺ նախագահը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է փորձել համատեղել ԵԱՏՄ-ում անդամակցությունը և ԵՄ-ի հետ համագործակցությունը։
Միևնույն ժամանակ, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Սիմոնյանը կոշտ արձագանքներ է տվել ընդդիմադիր համեմատություններին, որից հետո ընդհատել է ճեպազրույցը։

