ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ՝ վարժական հավաքներից ազատելու համար

Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից ստացել է 560.000 դրամ ապօրինի վարձատրություն։

Ըստ նախաքննության տվյալների՝ պահանջվել է նաև 765.140 դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։

Մեղադրանք և խափանման միջոց

Պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց և նրանց ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով, միջնորդի օժանդակությամբ, տվել են ապօրինի վարձատրություն։

Գործի ընթացքը

ՊՆ պաշտոնյայի և ևս չորս անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է արել զերծ մնալ կաշառքի կամ այլ ապօրինի վարձատրության դիմաց վարժական հավաքներին ներգրավման ենթակա քաղաքացիների տվյալները ցուցակներից հանելու պրակտիկայից և օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարժական հավաքներին չմասնակցելու դեպքերի մասին տեղեկություններ ներկայացնել իրավապահ մարմիններին։

Նշվում է նաև, որ նմանատիպ դեպքերի բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։