2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ

Նախկինում նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցվել էր նվազագույն պարենային զամբյուղին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական հատվածը՝ անդրադառնալով կենսաթոշակների քաղաքականությանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է 2028 թվականից կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ դրանք չլինեն նվազագույն սպառողական զամբյուղից ցածր։

Փաշինյանը նշել է, որ ներկայումս արդեն միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը՝ ընդգծելով, որ սա կարևոր փոփոխություն է սոցիալական ապահովության ոլորտում։

Նա հիշեցրել է, որ նախկինում նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցվել էր նվազագույն պարենային զամբյուղին, ինչը նպատակ ուներ ապահովել կենսական նվազագույն պահանջները։

Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակների աճին նպաստել է նաև հետվճարի համակարգը, որի արդյունքում միջին կենսաթոշակը որոշ դեպքերում մոտ 10%-ով գերազանցում է սպառողական զամբյուղը։

Նա նաև անդրադարձել է նախկին հայտարարությանը՝ նշելով, որ թոշակառուների ծախսերի նվազումը, այդ թվում՝ առողջապահական ապահովագրության միջոցով, հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ տնօրինել եկամուտները։