Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական զարգացմանն ուղղված թվայնացման նախագծերը։
ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում կարևորություն է տրվել թվայնացման կարիքների գնահատմանը, խնդիրների հստակեցմանը և դրանց լուծումների մշակմանը՝ հիմք ընդունելով ռազմավարական և իրավական փաստաթղթերը։
«Ջի սոլյուշնս» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է թվայնացման նախագծերի կառավարման Dashboard-ը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի իրականացումը։
Քննարկվել են հարկային և մաքսային համակարգերի թվայնացման ուղղությամբ իրականացվող նախագծերը՝ սահմանելով առաջնահերթությունները և անդրադառնալով տեխնիկական խնդիրներին։
Խորհրդի նիստում ներկայացվել են նաև նոր նախաձեռնություններ, այդ թվում՝ միասնական հարթակի ստեղծում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար, որը արժանացել է հավանության։
Առանձնակի ընդգծվել է թվային հարթակների ներդրման կարևորությունը՝ հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման նպատակով։
Նշվել է նաև միջազգային փորձի ուսումնասիրության և տեղայնացման անհրաժեշտությունը։
Ամփոփելով նիստը՝ ՊԵԿ նախագահը կարևորել է ծրագրերի արդյունավետ իրականացումը, հաշվետվողականությունը և սահմանված ժամկետների պահպանումը։

