ABNews

ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսագիտական համայնքի դերը հարկային բարեփոխումներում

Լուրեր | 2026/06/30 11:46

ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսագիտական համայնքի դերը հարկային բարեփոխումներում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Հայկական տնտեսական ասոցիացիայի (AEA) ներկայացուցիչների հետ: ՊԵԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ռազմավարական հեռանկարները, համատեղ ծրագրերի ընթացքն ու դրանց արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Մասնավորապես, ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում կոմիտեի օժանդակությամբ իրականացված հետազոտական և վերլուծական աշխատանքների գործնական արդյունքները:

Կողմերը բարձր են գնահատել համատեղ իրականացված վերլուծությունների դերը հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման գործընթացում։ Էդուարդ Հակոբյանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության համատեքստում, առանցքային է համարել անկախ գիտական հետազոտությունների և փորձագիտական ներուժի ներգրավումը գերատեսչության առօրյա աշխատանքում։

Մեծ տվյալներ (Big Data) և գիտական մոտեցումներ

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ակադեմիական համայնքի ներուժը թույլ է տալիս ՊԵԿ-ում առկա մեծ տվյալների (Big Data) հիման վրա բազմակողմանի գնահատել երկրում ընթացող տնտեսական գործընթացները։

«Մասնագիտական համայնքի հետ ձևավորված համագործակցությունը նպաստում է հարկային և մաքսային ոլորտներում ժամանակակից գիտական մոտեցումների ներդրմանը, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը և վերլուծական գործիքակազմի զարգացմանը, ինչը հնարավորություն է տալիս կայացնել բացառապես տվյալահեն (Data-driven) որոշումներ»,- նշել է ՊԵԿ նախագահը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցության շրջանակն ու շարունակել համատեղ քայլերը վերլուծական ներուժի զարգացման ուղղությամբ։ Նույն օրը Էդուարդ Հակոբյանը մասնակցել է նաև Հայկական տնտեսական ասոցիացիայի հերթական համաժողովին, որտեղ ծանոթացել է տեղական ու միջազգային փորձագետների ներկայացրած գիտական զեկույցներին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը