Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պետական սահմանի Ագարակի անցման կետում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ,ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ապահովել սահմանով ապրանքներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցների արագ մաքսային ձևակերպումն ու բացթողումը անցման կետի տարածքից։
ՊԵԿ-ի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների և բեռնատար տրանսպորտային միջոցների փոխադրողների կողմից մաքսային ձևակերպումների համար երբեմն ներկայացվում են թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթեր։
Կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է ապրանքների ժամանումից հետո 1 ժամվա ընթացքում մաքսային մարմնին ծանուցել դրա մասին՝ ներկայացնելով Օրենսգրքի 89-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները։
Բացի այդ, ժամանման մասին ծանուցումից սկսած՝ առավելագույնը 3 ժամվա ընթացքում փոխադրողը կամ այլ շահագրգիռ անձինք պարտավոր են իրականացնել հետևյալ մաքսային գործառնություններից մեկը․
-
ապրանքները հանձնել ժամանակավոր պահպանման,
-
լրացնել մաքսային հայտարարագիր,
-
կամ արտահանել ապրանքները ԵԱՏՄ մաքսային տարածքից։
Օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի և տեղեկությունների չներկայացման դեպքում նշված ժամկետում անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ ապրանքների և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների վերաարտահանման համար։
ՊԵԿ-ը նաև հիշեցնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցները ՀՀ մուտք գործելիս ենթակա են ճանապարհային և բնապահպանական հարկերի վճարման։

