Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության կանխմանն ուղղված միջոցառումները։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ իրականացրել են մաքսային զննություն «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում։
Զննության է ենթարկվել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանի։ ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ առաքանու մեջ, անձնական օգտագործման իրերի և առարկաների հետ միասին, հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող, սուր հոտով կոշտ զանգվածներ պարունակող թիթեղյա տարա։
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են օրենքով սահմանված ընթացակարգեր։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները, ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, պարզել են, թե՛ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքում ստացող անձի և թե՛ այն անձի ինքնությունը, ում պետք է փոխանցվեր նշված թմրամիջոցը։
Երևան քաղաքի տարբեր հատվածներից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Հ․Մ․-ն և Ա․Ի․-ն: Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ վերջիններս ձերբակալվել են:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից խուզարկություններ են իրականացվել նաև ձերբակալված անձանց բնակության վայրերում: Արդյունքում, հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող առարկաներ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

