ABNews

30 նոր կամավոր միացավ Հայաստանում Խաղաղության կորպուսի առաքելությանը

Լուրեր | 2026/05/21 17:50

30 նոր կամավոր միացավ Հայաստանում Խաղաղության կորպուսի առաքելությանը

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցեց Խաղաղության կորպուսի 31-րդ կամավորների խմբի երդման արարողությանը և վարեց նրանց երդման կարգը։

Կամավորների նոր խումբը բաղկացած է 30 ամերիկացիներից, որոնք գալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ծայրերից՝ արտացոլելով ամերիկյան ժողովրդի ողջ բազմազանությունը:

Հայերեն լեզվի, մշակույթի և մասնագիտական հմտությունների 11-շաբաթյա ինտենսիվ վերապատրաստումն ավարտելուց հետո կամավորներն այժմ պատրաստ են միանալու իրենց հյուրընկալ համայնքներին։ Առաջիկա երկու տարիների ընթացքում նրանք կապրեն հայկական հյուրընկալ ընտանիքներում և կաշխատեն անգլերենի ուսուցիչների և երիտասարդության զարգացման ոլորտի մասնագետների հետ։ Դասարանային աջակցության, համայնքային ծրագրերի և երիտասարդների ներգրավման գործունեության միջոցով կամավորները կնպաստեն անգլերեն լեզվի ուսուցման զարգացմանը և կաջակցեն երիտասարդներին՝ ձևավորելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց համայնքներում վստահ և ակտիվ անդամներ դառնալու համար։

«Այս տարին առանձնահատուկ է Միացյալ Նահանգների և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համար, քանզի տարին հոբելյանական է, և մենք տոնում ենք ԱՄՆ անկախության 250-ամյակը։ Այս տարի նաև լրանում է նախագահ Քեննեդու հիմնած «Խաղաղության կորպուսի» գործունեության 65 տարին։ «Խաղաղության կորպուսը» շարունակում է մնալ ամերիկյան լավագույն ավանդույթները ներկայացնող մի կառույց, որն իրական կապեր ու հարաբերություններ է ձևավորում Միացյալ Նահանգների ու այն երկրների միջև, որտեղ ծառայում են կամավորները։ Այս տարիների ընթացքում աշխարհի գրեթե 150 երկրներում աշխատել են «Խաղաղության կորպուսի» շուրջ 240000 կամավորներ՝ օգնելով տեղի երիտասարդներին ձեռք բերել առաջնորդության ու կենսական այլ հմտություններ, նպաստելով համայնքային նախաձեռնությունների իրագործմանը և ընձեռելով շրջադարձային նշանակության  միջմշակութային փորձառության ձեռք բերման հնարավորություններ»,-նշեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

«Այսօր Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի և մեր բոլոր գործընկերների համար հիշարժան օր է»,- ասաց Խաղաղության կորպուսի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ'րոարքը։ Մենք հպարտ ենք ողջունել Հայաստանում 30 նոր ամերիկացի կամավորների։ Կամավորները կաշխատեն Հայաստանի տարբեր համայնքներում տեղի իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելու աշակերտներին, աջակցելու ուսուցիչներին և նպաստելու հայ երիտասարդների հզորացմանը»։

Միջոցառման ներկաների թվում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, Խաղաղության կորպուսի նախկին և ներկա կամավորներ, կամավորներին հյուրընկալող հայ ընտանիքներ, ինչպես նաև ծրագրերի միջազգային և տեղական գործընկերներ։

Նոր խմբի կամավորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում և քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղության կորպուսի մոտ  70 կամավոր:

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին

1992 թվականին ՀՀ կառավարության հրավերով Հայաստանում մեկնարկեց Խաղաղության կորպուսի ծրագիրը։ 1992-ից ի վեր Խաղաղության կորպուսը նպաստել է Հայաստանում խաղաղության և բարեկամության հաստատմանը՝ միաժամանակ աջակցելով կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ ԽԿ կամավորները նաև սովորեցրել են հայերին ամերիկյան մշակույթի մասին, իսկ ԱՄՆ վերադառնալով՝ իրենց հայրենակիցներին իրազեկել են հայ մշակույթի մասին։

1992 թվականից ի վեր շուրջ 1200 ԽԿ կամավոր է ծառայել Հայաստանում։

Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ.-ին նախագահ Ջոն Ֆ․ Քենեդու կողմից։ Մինչ օրս ավելի քանի 240,000 ամերիկացի կամավոր է ծառայել աշխարհի 142 երկրներում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը