Կառավարությունը որոշում է ընդունել դյուրինացնել «Պատիվ ունեմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տրամադրման պայմանները։
Փոփոխությունը վերաբերում է ծրագրում ընդգրկվելու համար սահմանված նվազագույն միավորների շեմին, որը կիջեցվի 10 տոկոսով։
Գործող կարգավորումներով՝ ծրագրից օգտվելու իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնք հավաքել են սահմանված դրական միավորներ և ունեն նվազագույն շեմին համապատասխան միջին որակական գնահատական կամ քննությունների արդյունքներ։
Վերլուծության համաձայն՝ վերջին տարիներին ծրագրին դիմողների և պայմանագիր կնքածների թիվը նվազել է։ Սա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ դիմորդների զգալի մասը չի հասել գործող նվազագույն շեմին։
Տվյալները ցույց են տալիս, որ դիմորդների զգալի հատվածը գտնվում է 60–75% միավորների միջակայքում, ինչը դուրս է գործող պահանջների շրջանակից։
Նոր որոշմամբ շեմի իջեցումը նպատակ ունի ընդլայնել ծրագրի հասանելիությունը և ավելացնել մասնակցությունը։
Ներկայացված փոփոխությունը ցույց է տալիս, որ ծրագրի պայմանները վերանայվում են՝ արձագանքելով դիմորդների ցուցանիշներին և մասնակցության մակարդակին։

