Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը տարածաշրջանային համագործակցության խորացումն է։
Նրա խոսքով՝ այս համատեքստում կարևոր է «3+3» ձևաչափի հետագա զարգացումը, որը ներառում է նաև Ռուսաստանի մասնակցությունը։ Վարչապետը նշել է, որ այս հարթակը կարող է նպաստել նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների վերափոխմանը։
Փաշինյանը ներկայացրել է նաև «Տարածաշրջանացում–2» հայեցակարգը, որը նախատեսում է հարաբերությունների ակտիվացում Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի հետ։
Նա ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, և այդ ուղղությունը նախատեսվում է զարգացնել առաջիկա տարիներին։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ձևավորել է տարբեր մակարդակի համագործակցային օրակարգեր մի շարք երկրների և կառույցների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի և մի շարք եվրոպական երկրների հետ։
Միաժամանակ նշվել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են փոփոխության փուլում, և շարունակվելու է փոխշահավետ համագործակցության զարգացումը։
Վարչապետը նշել է, որ արտաքին քաղաքականության բազմակողմ և հավասարակշռված մոտեցումը դիտարկվում է որպես տարածաշրջանային կայունության գործոն։

