Հայաստանի խորհրդարանն այսօր՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում, սկսել է Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական հսկայածավալ փաթեթի քննարկումը։ Առաջարկվող փոփոխությունը կարող է արմատապես փոխել Հայաստանի ընտրողների կառուցվածքը. համապետական ընտրություններում և հանրաքվեներում քվեարկելու իրավունք ստանալու համար միայն ՀՀ քաղաքացիություն ունենալն այլևս բավարար չի լինի. ներդրվում է պարտադիր բնակության (կեցության) ցենզ։
Իշխանության հիմնավորումը. «Իրական կապ պետության հետ»
Նախագծի համահեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հայտարարությամբ՝ նախաձեռնության նպատակն է հաստատել քաղաքացու իրական տնտեսական (հարկերի վճարում), սոցիալական և հասարակական-քաղաքական կապը պետության հետ։
Օրինագծի հեղինակները (ՔՊ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլակյանը) առաջարկում են սահմանել հետևյալ կանոնը.
ՔՊ-ի տարբերակը. Ընտրություններից առաջ վերջին 1 տարում առնվազն 183 օր բնակություն Հայաստանում։
Բացառություն կձևավորվի միայն այն պետական ծառայողների (դիվանագետներ, զինվորականներ) համար, որոնք արտերկրում են գտնվում ծառայողական պարտականությունների բերումով։
Կառավարության (ՆԳՆ) այլընտրանքային առաջարկը
Հանդես գալով Կառավարության անունից՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն առաջարկել է ավելի մեղմ և ճկուն մեխանիզմ՝ արտերկրում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրերով գտնվող քաղաքացիների շահերը չոտնահարելու համար.
ՆԳՆ-ի տարբերակը. Վերջին 2 տարվա ընթացքում երկրում բնակություն առնվազն 366 օր։
Բնակության ժամկետի հաշվարկը, ըստ նախագծի, կսկսվի հերթական ընտրություններից 48 օր առաջ կամ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր առաջ սկսվող օրվանից։
Ընդդիմության կոշտ արձագանքը. «Հակասահմանադրական է»
Խորհրդարանական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկել նախագիծը՝ այն անվանելով բացահայտ հակասահմանադրական քայլ։ «Հայաստան» դաշինքի խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ այս փաթեթը քաղաքացիների զգալի մասին պարզապես զրկում է ձայնի հիմնարար իրավունքից և միտված է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխող էլիտայի վերարտադրությանն ու «իշխանության երկարակեցության ապահովմանը»։
Նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը բարձրացրել է պարտավորությունների և իրավունքների անհամապատասխանության հարցը.
«Ինչո՞ւ են իշխանությունները որոշել քաղաքացիներին զրկել նրանց հիմնարար իրավունքներից մեկից՝ միաժամանակ նրանցից չհանելով պետության հանդեպ ունեցած մի շարք պարտավորություններ։ Օրինակ՝ բանակում պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու պարտականությունը»,- հայտարարել է Վարդանյանը։

