Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում. Էրդողան

Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:

Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել:

Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:

«Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը», - գրել է Թուրքիայի նախագահը, սակայն չի անդրադարձել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

«Խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների և բարեկամների հետ միասնաբար գործել և պայքարել՝ նկատի չունենալով նրանց ազգային և կրոնական պատկանելությունները», - նշել է նա:

Պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել և չի ընդունում Հայոց ցեղասպանության իրողությունը։